Պետք է ստեղծել պետական տեռորի դեմ դիմադրության համակարգեր, պետք է գտնենք հանրության կոնսոլիդացիայի համակարգեր․ Էլինար Վարդանյան
Դատական համակարգի հետ կապված խնդիրները միշտ եղել են, այսինքն՝ այնպես չէ, որ դատական համակարգը Հայաստանի Հանրապետության անկախության ձևավորման պահից եղել է այնքան անկախ, որ բարեփոխելու կարիք չի ունեցել, բայց մենք քայլ առ քայլ գնում էինք բարեփոխման։ Այս մասին այսօր «Դեպի բռնապետություն․ հետընթաց իրավունքներից» թեմայով կազմակարպված քննարկմանն ասաց ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Էլինար Վարդանյանը։
«Թեև մշտապես դատարանում եղել են տվյալ իշխանության կամակատար դատավորներ, և դա կարող են ֆիքսել բոլոր նրանք, ովքեր այս կամ այն կերպ առնչվել են դատարանների հետ»,–ասաց նա։
Էլինար Վարդանյանը նշեց, որ շարունակվում է պետական տեռորը ընդդիմադիր քաղաքական գործիչներից շատերի հանդեպ և ցուցադրաբար անազատության մեջ են պահվում ընդդիմադիր պատգամավորներ։
«Մենք մնում ենք մեր կարծիքին, որ պետք է ստեղծել պետական տեռորի դեմ դիմադրության համակարգեր և պետք է գտնենք հանրության կոնսոլիդացիայի համակարգեր»,–ասաց նա։
Պատգամավորը նկատեց նաև, որ վերջին շրջանում դատավորների նկատմամբ կարգապահական վարույթները բավականին «մոդայիկ» բնույթ են կրում։
Tert.am