Գյումրիում հոկտեմբերի 16-ը «լռության օր» է, ինչպես պահանջում է ՀՀ ընտրական օրենսգիրքը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, քարոզարշավի ընթացքում նախընտրական պայքարին մասնակցող 10 քաղաքական ուժերը փորձեցին ամեն մեկն իր ընտրած ձևաչափով ներկայանալ ընտրողին՝ ներկայացնելով իր ծրագիրը: Ծրագրերը գրեթե նույն բովանդակության են՝ փողոցների նորոգում, հակակոռուպցիոն պայքար, աշխատատեղերի ստեղծում, տնակներից՝ քարաշեն բնակարանների տեղափոխում, լուսակետերի ավելացում և այլն: Քաղաքական ուժերից յուրաքանչյուրն իր ծրագիրը փորձեց գյումրեցուն ներկայացնել որպես ամենաինքնատիպը, սակայն թե այդ ուժերից որն ավելի լավ աշխատեց այս ընթացքում՝ պարզ կդառնա ընտրության հաջորդ օրը՝ արդյունքներից:

Ինչպես նախորդ՝ 2016 թվականի ընտրություններին, այս անգամ ևս ընտրությունը համամասնական ընտրակարգով է՝ ընտրելով կուսակցությանը կամ դաշինքին, քաղաքապետ կդառնա առավելագույն ձայներ հավաքած ուժի ավագանու ցուցակը գլխավորող թեկնածուն: Հենց քաղաքապետի պաշտոնն ու առաջիկա ԱԺ ընտրություններն էին պատճառը, որ Գյումրիում այս անգամ պայքարն այդքան հետաքրքրել էր շատերին. պայքարի մեջ է մտել 7 կուսակցություն և 3 դաշինք՝ «Հայրաքաղաք» դաշինք, «Արժանապատիվ ուղի» կուսակցություն, ՀՀԿ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցություն, «Գյումրին կռնա» դաշինք, «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն, «Թասիբով» դաշինք, «Ապրելու երկիր» կուսակցություն, Հայաստանի Կոմունիստական Կուսակցություն՝ ընդհանուր 287 թեկնածու, հիշեցնենք, որ նախորդ ՏԻՄ ընտրություններին մասնակցում էր 11 քաղաքական ուժ՝ 422 թեկնածու:

Ավագանու ընտրությունները Գյումրիում համակարգելու է թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովը: Գյումրիում կգործի 82 ընտրատեղամաս։

Գյումրիի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ըստ նոր կարգի նույն կուսակցության միայն մեկ վստահված անձ կարող է գտնվել ընտրատեղամասում: Ընտրական ցուցակներով Գյումրիում այս ընտրություններին կմասնակցի 123 115: Ընտրացուցակներից այս անգամ պակասել են ընտրողների անունները՝ցուցակներում չեն այն ընտրողները, որոնց անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետը անցել է:

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն