Երեկ Գորիսում կայացած ավագանու ընտրություններում հաղթեց գործող քաղաքապետ Առուշ Առուշանյանի գլխավորած «Առուշ Առուշանյան դաշինքը»։ Դաշինքն  իր հերթին կնշանակի Գորիսի քաղաքապետին։

Ձայների մեծամասնությամբ՝ դաշինքը ստացավ 6269 ձայն կամ 60,28%-ը։

«Առուշ Առուշանյան դաշինքի» հիմնական մրցակիցն էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի օգտին քվեարկել է 3568 մարդ կամ 34,3%-ը։ Երրորդ ուժը՝ «Հայ ազգային կոնգրեսը», ստացել է 282 ձայն, կամ՝ 2,7%-ը։

Նշենք, որ Գորիս համայնքում ընտրելու իրավունք ունի 20 696 մարդ, որից ՏԻՄ ընտրությանն է մասնակցել 10 399 հոգի կամ 50.25%-ը. անվավեր է ճանաչվել 282 քվեաթերթիկ։

Ընտրությունների օրը ոստիկանությունը խուզարկություն էր իրականացրել «Առուշ Առուշանյանի» նախընտրական շտաբում՝ փակելով շտաբի մուտքը։ Դեպքին անդրադարձել էր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ոստիկանության գործողությունները որակելով «ապօրինի»։ Օրվա ընթացքում գորիսեցիները «Հետք»-ի հետ զրույցում պատմում էին, որ ընտրության նախօրեին քաղաքում շատացել էին տարբեր համազգեստներով ոստիկանները, բնակիչներից ոմանք մտահոգություն էին հայտնում, որ դա արվում է մարդկանց վրա ճնշում գործելու համար։



Երեկ ուշ երեկոյան Առուշ Առուշանյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ գնացել է Երևանի Կենտրոն ՔԿՀ՝ Առուշ Առուշանյանին նախնական հաղթանակի լուրն անձամբ հայտնելու ու շնորհավորելու։ Փաստաբանի խոսքով՝ Առուշանյանը վստահ էր, որ հաղթելու է, որովհետև վստահ էր, որ գորիսեցին իր կողքին է։

«Սա հաղթանակի սկզիբն է, միշտ գրանցվելու են հաղթանակներ»,-Առուշանյանի այս խոսքերն իր տեսաուղերձում փոխանցնեց Էրիկ Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ երեկ Գորիսում համայնքապետի ընտրություններ էին։ Թեկնածուները 3-ն էին՝ գործող քաղաքապետ «Առուշ Առուշանյան դաշինքով» հանդես եկող Առուշ Առուշանյանը, ով այժմ գտնվում է կալանքի տակ, «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության թեկանծու, «Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Լազարյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Վլադիմիր Աբունցը։ 

Առուշ Առուշանյանն առաջին անգամ Գորիսի քաղաքապետ էր ընտրվել 2017թ նոյեմբերի 5-ին։

Hetq.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն