ԱԺ-ն արժանացել է «Ժանգոտ կողպեք» մրցանակի՝ լրագրողների իրավունքները սահմանափակող իրավական կարգավորումներ ընդունելու համար. Լիլիթ Գալստյան
Մենք գործ ունենք օրենսդրական մի նախաձեռնության հետ, որը խոսքի ազատության հետ կապված լուրջ փոփոխություններ է նախատեսում։ Այն տեղեկատվության ազատությանը սպառնացող նախաձեռնություն է և էապես խոչընդոտում է ինֆորմացիայի արդարացի հասանելիությանը։ Այս մասին ԱԺ-ում ԶԼՄ-ների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը
«Այդ նախագիծը, որը առնչվում է ԶԼՄ-ներին, չի քննարկվել ԶԼՄ հիմնական շահառուների` լրատվամիջոցների, գլխավոր խմբագիրների և մասնագիտական հանրության կողմից և դրվել է շրջանառության մեջ»,- նշեց պատգամավորը։
Գալստյանը նշեց, որ այս քննարկմանը հրավիրել են նախագծի հեղինակներին, սակայն վերջիններս չեն ներկայացել քննարկմանը։
«Մեր նպատակն է լսել ոլորտը ներկայացնող մասնագետների տեսակետները և մոտեցումները, քանի որ նախագծի հիմնական շահառուները իրենք են»,- ասաց Գալստյանը։
Գալստյանը նշեց, որ հետաքրքիր դիպվածով այս նախագծի քննարկումը համընկել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից ԶԼՄ դաշտում իրականացվող ամենամսյա մրցանակաբաշխության հետ։
«Ինչպես գիտեք՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից իրականացնում է ամենամյա մրցանակաբաշխություն ԶԼՄ դաշտում, և «Տեղեկատվության ազատությանը սպառնացող հեղինակ, պետական կառույց» անվանակարգում բացասական մրցանակ կամ «Ժանգոտ կողպեք» մրցանակին արժանացել է Ազգային ժողովը՝ լրագրողների իրավունքները սահմանափակող իրավական կարգավորումներ մշակելու և ընդունելու համար։ Սա, կարծում եմ, շատ բան է ասում»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Tert.am