ՔՊ-ի պատգամավորներն ասում են՝ մենք կընդունենք ԶԼՄ-ների մասին օրենքը, դուք էլ խելոք աշխատեք. Էլինար Վարդանյան
«Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու իմքայլական պատգամավորների հեղինակած նախագծով փորձ է արվում տալ «չնույնականացվող աղբյուր» հասկացությունը եւ փորձ է արվում դրանով «անանուն աղբյուր» հասկացությունը ծածկել: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 21-ին, խորհրդարանում հրավիրված քննարկմանը հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Էլինար Վարդանյանը։
«Լրագրողները անանուն աղբյուր օգտագոծելու հարցում ունեն պաշտպանվածություն եւ «չնույնականացվող աղբյուրի» օգտագործմամբ փորձ է արվում դրան անդրադառնալ:
Նախատեսվում է նաև լրատվամիջոցների հավատարմագրման հետ կապված կարգավորումներ, մասնավորապես, նախատեսվում է, որ լրագրողի հավատարմագրումը պետական մարմիններում կմերժվի, երբ չեն պահպանվի այս օրենքով նախատեսված կարգավորումները։ Նաև ֆինանասկան հաշվետվությունների հետ կապված կարգավորումներ կան, որոնք ինձ համար անհասկանալի են, որովհետև, այսպես թե այնպես, լրատվամիջոցները ֆինանսական հաշվետվություն ներկայացնում էին։ Լրացուցիչ հոդվածով ծանրաբեռնելու բուն նպատակը չգիտեմ՝ որն է», - ասաց Էլինար Վարդանյանը։
Նա նշեց, թե ամենաանընդունելի քաղաքականությունը, որ որդեգրել են այսօրվա իշխանությունները, շահառուների հետ չքննարկելն է այն օրենքի փոփոխությունները, որոնք վերաբերում են անմիջապես ԶԼՄ-ներին։
«Ասում են՝ մենք կընդունենք ԶԼՄ-ների մասին օրենքը, դուք էլ խելոք աշխատեք էն կարգավորումներով, որոնք մենք նախատեսել ենք», - ասաց Էլինար Վարդանյանը։
Նշենք, որ նախագծի հեղինակները իմքայլական պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանը, Վահագն Հովակիմյանը, Թագուհի Ղազարյանը և Սարգիս Խանդանյանն են։ Նրանք հրավիրված էին այս քննարկմանը, սակայն չեն ներկայացել։