Պաշտպանության նախարարի հարցը ՀՀ ՄԻՊ-ին
ՀՀ պաշտպանության նախարարությունը կոչով դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին։
ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ու Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր զրուցել են վերջինիս աղմկահարույց գրառման շուրջ։
Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
ՄԻՊ–ը հոկտեմբերի 18-ին գրել էր, որ ՀՀ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, կուտակել են մեծ քանակությամբ վառելափայտ, բետոնապատել են իրենց դիրքեր տանող ճանապարհները: Նրանց ակտիվությունը վերջին շրջանում շեշտակի է մեծացել։ Ավելին, շարունակում են նոր ճանապարհների կառուցումը, դիրքերում ավելացրել են զինծառայողների քանակն ու սպառազինությունը: Անընդհատ կատարում են դիրքային ամրացման և ինժեներական ակտիվ աշխատանքներ:
«Այսօր կայացած հեռախոսազրույցում Մարդու իրավունքների պաշտպանը, ի պատասխան պաշտպանության նախարարի հարցադրմանը, թե Հայաստանի Հանրապետության ո՞ր տարածքում են իրականացվում իր կողմից ներկայացված լուսանկարներում պատկերված աշխատանքները, նշել է, որ դրանք առավելապես իրականացվում են ոչ թե Հայաստանի տարածքներում, այլ դրանց «հարևանությամբ»,- գրված է ՊՆ-ի հաղորդագրությունում։
Գերատեսչությունը հոկտեմբերի 19-ին արձագանքել էր Թաթոյանի գրառմանը` վստահեցնելով, որ ՄԻՊ–ի պնդումներն ակնհայտորեն ուռճացված են։
Թաթոյանն էլ երեկ հայտարարել էր, որ ՄԻՊ-ը երբեք ուռճացված հայտարարություններ չի անում, և ի պատասխան ՊՆ հերքման նա Գեղարքունիքի գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի ամրացման վերաբերյալ ապացույցներ էր հրապարակել։
ՊՆ–ն այսօրվա հաղորդագրությամբ պնդում է, որ Գեղարքունիքի մարզի որոշ հատվածներում ադրբեջանական ԶՈւ կողմից ամրաշինական աշխատանքների վերաբերյալ գրառման մեջ առկա են իրականությանն ակնհայտորեն չհամապատասխանող պնդումներ։
Նախարարությունը ՄԻՊ գրասենյակին կոչ է անում ձեռնպահ մնալ չճշտված տեղեկություններ տարածելու մոտեցումից։
1in.am