«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի ականազերծողները մաքրել և սիրիական իշխանություներին են հանձնել 2 ականադաշտ
Հալեպում Հայաստանի հումանիտար առաքելության խումբն իր փոքրիկ, բայց կարևոր լուման է ներդնում մեր հայրենիքի զարգացման և միջազգային ասպարեզում այն ավելի ճանաչելի դարձնելու ուղղությամբ։
Մինչև օրս «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի ականազերծողները մաքրել և սիրիական իշխանություներին են հանձնել ականազերծված ավելի քան 880 հազար քառակուսի մետր տարածք, իսկ բժշկական խումբը բուժօգնություն է ցուցաբերել 42 հազարից ավելի տեղաբնակների։
Այսպիսով, 2021 թվականի հոկտեմբերի 23-ին Հալեպում կայացել է հումանիտար առաքելության կողմից ականազերծված տարածքների հանձնումը Սիրիայի Արաբական Հանրապետության Հալեպի նահանգի իշխանություններին: 2 ականադաշտ՝ մոտ 450 000 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, այսօր շահագործման է հանձնվել Հալեպի իշխանություններին: Ականազերծման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել և վնասազերծվել են ավելի քան 190 հատ զինամթերք և ենթազինամթերք, այդ թվում՝ հակատանկային և հակահետևակային ականներ, հրետանային արկերի և ավիառումբի մնացորդներ, ուղղորդված ականներ և ինքնաշեն պայթուցիկ առարկաններ: Ընթացակարգում ստորագրվեցին հանձնման-ընդունման վկայականները և Հալեպի իշխանություններին հանձնվեցին ականազերծված տարածքների քարտեզները:
Արարողությանը ներկա էին Հալեպի փոխնահանգապետ Քումեյթ շեյխ Ասին, Հալեպում տեղակայված ռուսական հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավարությունը, Հալեպ նահանգի իշխանության ներկայացուցիչներ, այլ պաշտոնատար անձինք: Ողջունելով հյուրերին` խմբի ղեկավար Սերգո Ավետիսյանը համառոտ ներկայացրեց կատարված աշխատանքները, վստահություն հայտնեց դրանց շարունակականության վերաբերյալ.
Ամռանը սկսված աշխատանքների արդյունքում, անգամ համաճարակային սահմանափակումների պայմաններում, հայ ականազերծողները միջազգային չափորոշիչներին համապատասխան ականազերծել են մոտ 45 հեկտար հողատարածք: Հայտնաբերվել և վնասազերծվել են բազմաթիվ նռնակներ, տարբեր տրամաչափի փամփուշտներ, հակատանկային և հակահետևակային ականներ:
Ողջունելով հյուրերին` փոխնահանգապետը կարևորեց կենտրոնի աշխատանքները և հույս հայտնեց, որ ականազերծման գործընթացի ակտիվացումը կնպաստի Հալեպի ժողովրդի վերադարձին իրենց բնակավայրեր.
– Ամենամյա ականազերծման աշխատանքների արդյունքում գյուղատնտեսական կիրառման համար պիտանելի են դառնում նորանոր հողատարածքներ, իսկ գլխավորը` նվազում է չվնասազերծված զինամթերքի պայթյունի հետևանքով հնարավոր դժբախտ պատահարների հավանականությունը:
Արարողության ընթացքում սիրիական կողմն իր խորին երախտագիտությունն է հայտնել եղբայրական ժողովրդին՝ կյանքեր փրկելու և անմնացորդ աջակցության համար ու նշել, որ այս մարդասիրական առաքելությունը ևս մեկ անգամ ամրագրում է երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը։