ԳՇ պետի տեղակալը, գեներալի հագուստը հագին, չի պատասխանում մեր երկրի համար ճակատագրական որևէ հարցի. Թովմասյանը փակ քննարկումը անիմաստ համարեց
ԱԺ-ում այս պահին իրականացվող փակ քննարկումը իրականցվում է ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնությամբ։ Երկու խմբակցությունները հրավիրել են հրատապ նիստ, որպեսզի պարզաբանումներ ստանան, թե ինչ է կատարվում ՀՀ պետական սահմանին, ինչ դեմարկացիոն գործընթացներ կան այսօր և ամենակարևորը` որքանով են պաշտպանված ՀՀ սահմանները։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
«Ես խորը հիասթափված եմ և դուրս եկա քննարկումից, որովհետև չեմ ցանկանում լսել այս խեղկատակությունը։ Որևէ հարցի պատասխան չի տրվում, ինչ հարցնում ենք, ասում են պետական գաղտնիք է, նույնիսկ սահմանի երկայնքի չափը չեն ասում, ասում են պետական գաղտնիք է։ Սա արհամարհանք է Խորհրդարանի նկատմամբ։ Ես պարզ հարցեր եմ հնչեցրել։ Առաջինը` ինչու պատերազմից մեկ տարի անց կահավորված չեն սահմանները և ինչն էր մեզ խանգարում։ Երկրորդ հարցը` ինչու ՀՀ պետական սահմանը կարողացավ հատել ադրբեջանական զինուժը այն պայմաններում, երբ պետք է ունենայինք դիմադրություն։ Ինչու է հովիվը դիմավորել ադրբեջանական զինուժին։ Ես չստացա այս երկու կարևոր հարցերի պատասխանները»,-ասաց նա։
Թովմասյանը քննարկումը անիմաստ համարեց ընդգծելով, որ հիմնական հարցերին պատասխան չի տրվում։
«Սա իշխանության հստակ տեսակետն է, որ բոլոր հարցերը տարրալուծեն, որևէ հարցի կոնկրետ պատասխան չտան։
Ստացվում է, որ մեր երկրի անվտանգային կարևոր հարցերին չունենք պատասխան։ ԳՇ պետի տեղակալը, գեներալի հագուստով կանգնած, չի պատասխանում մեր երկրի համար ճակատագրական որևէ հարցի։ Իրենք մտադրություն ունեն 90 րոպե ջուր ծեծել, անցնի, գնա։ Մենք պատրաստ ենք լսել դաժան ճշմարտությունը, բայց լսել։ Խոսում են , որ ցանկացած քաղաքացի իրավատեր է մեր երկրում, բայց քաղաքացիների թիկունքում իրականացնում են գործարքներ, պայմանավորվածություններ, որոնք չեն բխում ՀՀ պետական շահից»,-ասաց պատգամավորը։
Հարցին՝ տեղեկություն ունի՞ արդյոք ինչու ԱԱԾ պետը չի ժամանել, Թովմասյանը նշեց, որ կառավարությունն է որոշել՝ ովքեր պետք է գան։
«Ես չեմ վերադառնալու նիստերի դահլիճ, որովհետև հասկացա, որ անելիք չունեմ և իմ որևէ սպասելիք չի արդարանում»,-ասաց Թովմասյանը։
Պատգամավորն ընդգծեց, որ մեր բառապաշարից փորձում են հանել Արցախ, օկուպացված տարածքներ բառերը։
Tert.am