Հայաստանում Սուրբ Աթոռի (Վատիկան քաղաք-պետության) նստավայրի՝ առաքելական նվիրակության բացումով նոր էջ կսկսվի Հայաստանի և Սուրբ Աթոռի դիվանագիտական հարաբերությունների պատմության մեջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Սուրբ Աթոռի փոխպետքարտուղարի հետ հանդիպումից հետո հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ ուրախ է ողջունել Էդգար Պենյա Պառային Հայաստանում՝ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին երկրում:

«Քիչ անց հայ-վատիկանյան մեծ խորհուրդ ունեցող իրադարձություն է տեղի ունենալու՝ բացվելու է Հայաստանում Սուրբ Աթոռի նստավայր առաքելական նվիրակությունը: Գոհունակությամբ ցանկանում եմ ընդգծել, որ դրանով նոր էջ է բացվում Հայաստանի և Սուրբ Աթոռի դիվանագիտական հարաբերությունների պատմության մեջ», – ասել է Արարատ Միրզոյանը:

Ըստ մամուլի համար համատեղ հայտարարության՝ Հայաստանի ԱԳ նախարարը և Վատիկանի պետքարտուղարի փոխանորդը այսօրվա հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների վերաբերյալ և պատրաստակամություն են հայտնել խորացնելու երկրների միջև հարաբերությունները՝ խարսխված նույն ակունքից սերող քրիստոնեական արժեհամակարգի, պատմական և մշակութային կապերի, ինչպես նաև միջազգային հարաբերությունների խնդիրների վերաբերյալ համընկնող մոտեցումների վրա:

«Անդրադարձել ենք ՀՀ նախագահի՝ օրեր առաջ Սուրբ Աթոռ կատարած այցին, կարևորել ենք նաև հայ ժողովրդի մեծ զավակ, Տիեզերական եկեղեցու վարդապետ հռչակված Սուրբ Գրիգոր Նարեկացու հիշատակի օրը՝ փետրվարի 27-ը հռոմեական գլխավոր օրացույցում ամրագրելը, որը ևս մեկ անգամ ընդգծում է Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև հոգևոր կապը», – հայտնել է Հայաստանի ԱԳ նախարարը:

Արարատ Միրզոյանը շեշտել է՝ Սուրբ Աթոռը մշտապես Հայաստանի կողքին է եղել դժվարին ժամանակներում, և անցյալ տարին ևս այդ առումով բացառություն չէր:

Հայաստանի համար հատկանշական և կարևոր է Վատիկանի հետևողական դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման, նաև տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության պահպանման հարցում, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի օրերին և դրան հաջորդած ժամանակաշրջանում Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հղած ուղերձները, ինչպես նաև ռազմագերիների ազատ արձակման կոչերը մեծ նշանակություն են ունեցել:

Ինչպես գիտեք՝ այժմ էլ Ադրբեջանը, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը և նոյեմբերի 9-ի հայտարարությամբ իր ստանձնած պարտավորությունները, շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, և մենք խնդրում ենք, որ Սուրբ Հայրը՝ Սրբազան Քահանայապետը, իր աղոթքներում և իր հրապարակային ուղերձներում մշտապես շարունակի հիշել հայ ռազմագերիներին և շեշտադրել նրանց անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությունը», – նշել է Արարատ Միրզոյանը՝ հիշեցնելով, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգությունը այժմ վտանգի տակ է:

Այդ առումով կողմերը կարևորել են ինչպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի, այնպես էլ Սուրբ Աթոռի հետաքրքրությունը տվյալ հարցում .«Ժողովուրդների մշակութային ու հոգևոր ժառանգություն հանդիսացող պատմամշակութային հուշարձանների և պաշտամունքի վայրերի դեմ ուղղված վայրագությունները կոպտորեն խախտում են միջազգային իրավունքը, և մենք պիտի քայլեր ձեռնարկենք այդ դեպքերը կանխելու ուղղությամբ»:

Արարատ Միրզոյանը ընդգծել է, որ հայ ժողովուրդը շնորհակալ է Հռոմի Սրբազան Քահանայապետին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման սկզբունքային և միանշանակ ուղերձի համար:

«Մարդկության դեմ այդ հանցագործության դատապարտումը չափազանց կարևոր է ապագայում աշխարհի այլ վայրերում նմանատիպ հանցագործությունների կրկնությունը կանխելու առումով», – ասել է արտգործնախարարը:

Հոկտեմբերի 27-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ Էդգար Պենյա Պառան: Նա մասնակցելու է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակության պաշտոնական բացման արարողությանը:

Lragir.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն