Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը նախագահ Սարգսյանին պարգևատրել է Սուրբ Աթոռի բարձրագույն՝ Grand Collar of the Papal Order of Pius IX շքանշանով, որին Արմեն Սարգսյանն արժանացել է Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև հարաբերությունների զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար, ինչպես նաև որպես Վատիկանում Հայաստանի Հանրապետության առաջին դեսպան: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմը։

«Հռոմի պապն ինձ պատվիրակել է Ձեզ հանձնել Վատիկանի բարձրագույն պարգևը,-ասել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սուրբ Աթոռի փոխպետքարտուղարը:- Սա վկայությունն է մեր երկրների միջև գոյություն ունեցող յուրահատուկ հարաբերությունների: Երևանում բացելով Առաքելական նվիրակությունը՝ մենք ցանկանում ենք շատ բարձր մակարդակի հարաբերություններ հաստատել և աշխարհին ցույց տալ պատմության մեջ առաջին քրիստոնյա ազգի կարևորությունը մեզ համար»:

Նշվել է, որ նախագահ Սարգսյանն առաջինն է Հայաստանում և միակը տարածաշրջանում, ով արժանանում է Սուրբ Աթոռի բարձրագույն շքանշանին:

Մեծ պատիվ համարելով այդ բարձր պարգևը ստանալը՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է. «Ես այն ընդունում եմ որպես իմ համեստ աշխատանքի գնահատական, ինչպես նաև որպես ճանաչում այն փաստի, որ ես Հայաստանի առաջին դեսպանն եմ եղել Սուրբ Աթոռում:Ես մշտապես աշխատել եմ հանուն Հայաստանի և Վատիկանի միջև սերտ հարաբերությունների: Ուստի ես սա ընդունում եմ՝ խոստանալով, որ ավելին եմ անելու»:

Lragir.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն