Ընտրությունները ո՛չ ազատ են եղել, ո՛չ արդար. Գախարիան հայտնել է Վրաստանի ՏԻՄ ընտրություններում վարչական ռեսուրսի չարաշահման մասին
Վրաստանի նախկին վարչապետ Գեորգի Գախարիան, որն իր սեփական կուսակցությունն է ստեղծել «Վրացական երազանք» իշխող քաղաքական ուժից հեռանալուց հետո, կարծիք է հայտնել, որ Վրաստանում կայացած ՏԻՄ ընտրությունները չեն համապատասխանել «ազատ և արդար» չափանիշներին:
«Այս ընտրությունները ո՛չ ազատ են եղել, ո՛չ արդար: Մենք պետք է լրջորեն մտածենք ընտրություններում փողի շրջանառման և վարչական ռեսուրսի չարաշահման մասին: Պետք է երաշխավորվի հանրային հատվածի քաղաքական չեզոքությունը, այլապես կա վտանգ, որ քվեարկությունն անիմաստ շոու կդառնա»,- Новости-Грузия-ի փոխանցմամբ՝ իր թվիթերյան էջում գրել է Գախարիան:
Հիշեցնենք, որ ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլը Վրաստանում կայացել է հոկտեմբերի 30-ին, որի արդյունքներով Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում վերընտրվել է գործող քաղաքապետ, «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչ Կախա Կալաձեն:
Գախարիան նույնպես առաջադրվել էր մայրաքաղաքի ղեկավարի պաշտոնում՝ «Հանուն Վրաստանի» կուսակցության անունից, սակայն հոկտեմբերի 2-ին կայացած ընտրությունների առաջին փուլի ժամանակ ընդամնեը 9 տոկոս ձայն էր ստացել: