Օրեր առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը վայր է դրել պատգամավորական մանդատը և օրերս կնշանակվի Շիրակի մարզպետի պաշտոնում։

168.am-ի տեղեկություններով, սակայն, այս նշանակումը Նազելի Բաղդասարյանը ոգևորությամբ չի ընդունել, և մերձիշխանական շրջանակների պնդմամբ` մարզպետի պաշտոնը նրա համար յուրատեսակ պատիժ է Գյումրիի ավագանու` վերջերս կայացած ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության պարտության համար։

Գաղտնիք չէ, որ Գյումրիի ընտրությունների իշխանական թիմի՝  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախապատրաստական, կոորդինացման, ցուցակների կազմման ու մնացած այլ կազմակերպչական հարցերով զբաղվում էին նույն Նազելի Բաղդասարյանն ու ԱԻՆ փոխնախարար, Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանը, ինչպես նաև քաղաքապետի թեկնածու, գործող մարզպետ Հովհաննես Հարությունյանը։ Եվ թեպետ գործընթացի երևանյան կուրատորն ԱԺ պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն էր, ըստ էության ընտրությունների հետ կապված բոլոր հարցերը լուծվում էին հենց Նազելի Բաղդասարյանի ու Կարեն Սարուխանյանի միջոցով, ովքեր լուսանցքում էին թողել Հովհաննես Հարությունյանին, հենց թեկուզ եթե հաշվի առնենք միայն ՔՊ-ի Գյումրու տարածքային խորհրդի ընտրության ու դրա կազմի փաստը, ուր վերոնշյալ Նազելի Բաղդասարյանն ու Կարեն Սարուխանյանը լցրել էին իրենց մարդկանց։

Ու հիմա, ընտրություններից հետո, երբ արդեն մեղավորներ նշանակելու ժամանակն է, քավության նոխազ ըստ էության դառնում է Նազելի Բաղդասարյանը, ում վրա բարդվեց ընտրությունների տապալման ողջ պատասխանատվությունը։ Որպես փաստարկ` բերվում էր հատկապես նախընտրական ցուցակի կազմման սկզբունքը, որում Նազելի Բաղդասարյանը տեղավորել էր Գյումրիում առանձնապես ճանաչում և հարգանք չունեցող իր մտերիմներին` սկսած եղբորից, ում հիմա ուզում է փոխքաղաքապետ դարձնել։

Գյումրիի` 168.am-ի աղբյուրները փոխանցում են, որ Նազելի Բաղդասարյանը սարսափելի հոգեբանական վիճակում է, ու կրկին մարզ հետողորմեան նրա համար լուրջ հետընթաց է։

Ի վերջո, լինել իշխանական ֆրակցիայի քարտուղար, լինել մայրաքաղաքում, շփվել, այսպես կոչված, իշխանական էլիտայի հետ, շրջագայել արտասահմանում, օգտվել բոլոր բարիքներից՝ մեկ բան է, վերադառնալ մարզ այդ ամենից հետո` բոլորովին այլ բան։

Իսկ Շիրակի մարզում մարզպետ լինելը, ուր կան բազմաթիվ խնդիրներ, սոցիալական վիճակն ըստ վիճակագրության՝ ավելի վատ է, քան, օրինակ, Արմավիրի ու Արարատի մարզերում, մարզն ունի գերիների խնդիր, և մինչև այժմ շիրակցի դեռ 45 երիտասարդներ գտնվում են ադրբեջանական բանտերում, բոլորովին հաճելի հեռանկար չէ։

Բացի դրանից, Նազելի Բաղդասարյանի համար լրջագույն փորձություն կլինի դեկտեմբերի 5-ին Ախուրյան խոշորացված համայնքում կայանալիք ընտրությունները, որտեղ, անշուշտ, լուրջ խնդիրներ կունենա։ 28 գյուղ միացված է Ախուրյան համայնքի մեջ, և, փաստորեն, այդ պատասխանատվությունը ևս մնում է Նազելի Բաղդասարյանի ուսերին։

Այս պահին ըստ էության Նազելի Բաղդասարյանը մեկ խնդիր ունի` անել ամեն ինչ, որ թիմը իր տակից չփախչի։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն