Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը մեկ շաբաթով հետաձգվեց
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում նոյեմբերի 2-ին վերսկսվել և անմիջապես հետաձգվել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով լսումները:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցել դատական նիստին։
Պաշտպան Հայկ Ալումյանը տեղեկացրեց, որ նախագահի հարազատներից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել, և վերջին մի քանի օրվա ընթացքում Ռոբերտ Քոչարյանը շատ է շփվել այդ մարդու հետ։
Քոչարյանի մոտ նկատվել են կորոնավիրուսի որոշակի նախանշաններ, և նա թեստ է հանձնել։ Պաշտպանը նաև նշեց, որ եթե, այնուամենայնիվ, դատարանը գտնի, որ Քոչարյանը պետք է ներկայանա, 15 րոպեի ընթացքում նա կներկայանա նիստին։
Հենց նիստի ընթացքում Ալումյանը ճշտեց, որ թեստի պատասխանը կլինի այսօր երեկոյան՝ 17․30-18:00-ի սահմաններում:
Դատախազ Գևորգ Բաղդասարյանը պահանջեց, որ պաշտպանը ճշտի՝ թե կոնկրետ ինչ նախանշաններ են Քոչարյանի մոտ։ Պատասխանն ստանալուց հետո դատախազը նշեց, որ այլևս քննարկելու հարց չկա։ Դատական նիստը հետաձգվեց մեկ շաբաթով՝ մինչև նոյեմբերի 9-ը: