Երեկ Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ անցումային արդարադատության, բարեվարքության խնդիրների ու վեթինգ իրականացնելու իրավական հնարավորությունների վերաբերյալ մասնագիտական քննարկում տեղի ունեցավ Երևանում՝ հինգ տասնյակը գերազանցող շահագրգիռ կողմերի մասնակցությամբ։

Քննարկումը, իհարկե, որևէ արտառոց կամ դարակազմիկ բան չէր պարունակում իր մեջ, քանի որ նման քննարկումներ 2018թ.-ից հետո մի շրջան պարբերաբար էինք տեսնում, և հիմա, իր գործունեության առանձնահատկություններից ելնելով էլ պարզ էր, որ նախարար Կարեն Անդրեասյանը նման մի բան կնախաձեռնի:

Այնպես որ, այս առումով անակնկալ չկար. ուշագրավն այդ քննարկմանը Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Ջհանգիրյանի արտահայտած մտքերն էին:

Վերջինս «Դատական բարեփոխումների ընթացքը հետհեղափոխական  և հետընտրական Հայաստանում» խորագրով քննարկման ժամանակ ԲԴԽ խորհրդի անդամների անունից գոհունակություն արտահայտեց իրենց գործունեության գնահատականի առնչությամբ:

«Միաժամանակ ուզում եմ նշել, որ մեր խնդիրը ԲԴԽ-ն տեսնում է ոչ միայն կոնկրետ դատավորներին պատժելու կամ չպատժելու տիրույթում: Մենք ցանկանում ենք ընդունել այնպիսի որոշումներ, որոնք, եթե թույլատրելի է ասել, կանխարգելիչ նշանակություն կունենան ապագայում հնարավոր խախտումների համար: Այս առումով, կարծում եմ, մեր որոշումները որոշ չափով նախադեպային տրամաբանությամբ են գնում»,- ասել էր նա:

Նա նաև միտք էր հայտնել, որ ոչ միայն դատական, այլև իրավապահ մարմիններում վեթինգի խնդիրը չի ծագել 2018թ. իշխանափոխությունից հետո, ու հիշեցրել, որ ինքը դեռևս 2011թ. դատաիրավական բարեփոխումների մի այդպիսի հայեցակարգ մշակել է, որը, սակայն, վերաբերել է միայն քրեաիրավական, քրեադատավարական ոլորտին:

«Հիմա ի՞նչ է փոխվել 2015 թվականի Սահմանադրությունից հետո, որը նախկինում չկար: Սահմանադրությունը, խոցելի և թերի լինելով հանդերձ, շատ կարևոր դրույթ է պարունակում, որով հնարավորություն է տալիս դատական օրենսգրքով սահմանել գործող դատավորների համար անհամատեղելիության լրացուցիչ պահանջներ: Այսինքն, սահմանադրական օրենքը կարող է գործող դատավորների համար անհամատեղելիության լրացուցիչ պահանջներ սահմանել: Հիմա օրենսդրի խնդիրն է, թե անհամատեղելիության լրացուցիչ պահանջներն ինչպես մենք կմեկնաբանենք: Ինձ թվում է, որ հիմա գնդակը ոչ միայն գործադիրի դաշտում է, այլ նաև օրենսդիրի: Ցավոք, անցած երեք տարիների ընթացքում այս դրույթների հնարավորությունը չի օգտագործվել: Հուսանք, որ հիմա իշխանությունները ոչ միայն քաղաքական կամք կդրսևորեն, այլև կոնկրետ քայլեր կձեռնարկեն, որպեսզի Դատական օրենսգիրքը լրամշակվի այս առումով: Դա հնարավորություն կտա իրավիճակին համահունչ արձագանքել այդ զսպման և մաքրման գործընթացում»,- նշել էր ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը:

Ջհանգիրյանի խոսքի մեխը, սակայն, այն միտքն էր, որ դա չի կարող վերաբերել միայն դատական իշխանությանը՝ դատավորներին, և մատնանշեց մի քանի մարմիններ, որոնք աջակցում են արդարադատության մինչդատական փուլին: ԲԴԽ նախագահի պաշտոնակատարի համոզմամբ՝ վեթինգը պետք է վերաբերի, մասնավորապես, նաև փաստաբանական ծառայությանը:

«Այսինքն, վեթինգը պետք է ներառի ամբողջ դատաիրավական համակարգը՝ նրանց սպասարկող բոլոր մարմինները»,- եզրափակել էր Ջհանգիրյանը:

Տարօրինակ էր, բայց երեկ փաստաբանական համայնքից առանձնապես աղմուկ չբարձրացավ նշված հայտարարության առնչությամբ. թեմային անդրադարձան շատ քիչ թվով փաստաբաններ:

168.am-ը Գագիկ Ջհանգիրյանի նշված հայտարարության վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց փաստաբան Հայկ Ալումյանից:

Վերջինս նշեց, որ նախ աչքի է ընկնում այն հանգամանքը, որ շատ-շատերը խոսում են վեթինգի մասին, սակայն ինքը դեռ չի տեսել, որ որևիցե մեկն այդ բառի սահմանումը տա:

«Տարբեր աղբյուրներում տարբեր ձևով է ներկայացվում դրա բովանդակությունը: Նույն այդ դահլիճում հավաքված ու իրար հետ վեթինգ քննարկող անձանց եթե առանձին-առանձին հարցնեիք, լրիվ տարբեր մտքեր կլսեիք վեթինգի բովանդակության մասին: Եվ հետաքրքիրը նա է, ով նրանցից յուրաքանչյուրը, տեղյակ չլինելով, թե այս կամ այն բանախոսն ինչ նկատի ունի «վեթինգ» ասելով՝ այնուամենայնիվ, համաձայնում է տվյալ բանախոսի կողմից այդ վեթինգի կիրառման վերաբերյալ արտահայտած մտքերի հետ: Ես չէի ուզի լինել նրանցից մեկը. չէի ուզի մեկնաբանել պարոն Ջհանգիրյանի տեսակետները փաստաբանների վեթինգի մասին, քանի դեռ չգիտեմ, թե ինչ նկատի ունի նա՝ վեթինգ ասելով»,- ասաց նա:

Հայկ Ալումյանին ևս մի բան էլ էր հետաքրքիր թվացել:

«Պարոն Ջհանգիրյանը խոսում է դատավորներին վեթինգի ենթարկելու, նաև՝ նրանց պատժելու մասին: Սակայն հետաքրքրական է, որ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) գործառույթներից խոսելիս միշտ խոսքը գնում է դատավորներին պատժելու կամ չպատժելու մասին: Ոչ ոք չի հիշում կամ չհիշելու է տալիս, որ ԲԴԽ-ն նախատեսված է նաև (գուցե՝ առաջին հերթին) դատավորներին պաշտպանելու համար: Եթե ես լրագրող լինեի, ապա պարոն Ջհանգիրյանին հարց կտայի. կարո՞ղ է նշել մի դեպք, երբ ԲԴԽ-ն պաշտպանել է դատավորին»,- հարց բարձրացրեց Հայկ Ալումյանը:

«Եվ, ի վերջո, նրանց բոլորին, բանախոս լինի թե ունկնդիր, կհիշեցնեի, որ փաստաբաններին պետք է շատ լավ վերաբերվել: Յուրաքանչյուր փաստաբանի մեջ անհրաժեշտ է տեսնել իրենց ապագա պաշտպանին և աշխատել անել այնպես, որպեսզի նրա լիազորությունները չսահմանափակվեն, և ինքը՝ փաստաբանը, չհայտնվի պետության լծակների նեքո, թե չէ հետագայում (հնարավոր է՝ մոտ ապագայում) իրենց չի կարողանալու արդյունավետորեն պաշտպանել»,- եզրափակեց Հայկ Ալումյանը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն