Նման լուրերը իրականությանը չեն համապատասխանում. ԱԳ փոխնախարարը՝ Փաշինյանի և Ալիևի կողմից «3+3» ձևաչափը քննարկելու մասին (տեսանյութ)
Հարցը մի փոքր վաղաժամ է: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Վահե Գևորգյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ քարտեզներով է ՀՀ-ն մասնակցելու դեմարկացիայի վերաբերյալ բանակցություններին:
«Որպեսզի մենք խոսենք դեմարկացիայի բանակցությունների մասին, պետք է լինեն դելիմիտացիայի բանակցություններ: Քանի դեռ չկան դելիմիտացիայի բանակցություններ, խոսել, թե ինչ քարտեզներով, փաստաթղթերով ենք առաջնորդվում, խիստ վաղաժամ է: Երբ լինեն բանակցություններ, մենք այդ հարցերին կանդրադառնանք»,-ասաց նա:՚
Հարցին՝ ՀՀ-ն չի՞ հստակեցրել՝ մեզ համար որ քարտեզն է շահեկան, Գևորգյանն արձագանքեց, թե հրապարակային դաշտում քարտեզների, դեմարկացիայի այլ գործիքակազմի մասին խոսելու ժամանակը կգա, երբ կլինեն բանակցություններ:
Ճշտող հարցին՝ այսինքն՝ հստակեցված է, բայց չե՞ն բարձրաձայնում, ԱԳ փոխնախարարը պատասխանեց, թե ընդհանուր մոտեցումներ ձևավորում են ներքին քննարկումների ընթացքում. «Բայց այս պարագայում հանդես գալ մեր գործիքակազմի վերաբերյալ, երբ չկան բանակցություններ, կարծում եմ՝ վաղաժամ է»,-վերահաստատեց նա::
Դիտարկմանը, թե Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննարկել են «3+3» ձևաչափը, և հարցին՝ ի՞նչ կերպ է տեղի ունեցել Փաշինյան-Ալիև քննարկումը, ԱԳ փոխնախարարն արձագանքեց, թե նման լուրերը իրականությանը չեն համապատասխանում:
Հարցին՝ կարո՞ղ է վստահեցնել, որ առաջիկայում չի ստորագրվելու որևէ փաստաթուղթերը ՀՀ պետական շահին դեմ կլինի, Գևորգյանը չպատասխանեց: