Եգիպտոսում գտել են Ռամզես Երկրորդի գանձապետի դամբարանը
Եգիպտոսում գտել են Պտահ-Մ-Վիի՝ Ռամզես Երկրորդի գանձապետի դամբարանը: Այդ մասին հաղորդել է ARTnews-ը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Պաշտոնյան նաև կրել է թագավորի գրագրի տիտղոսը և պատասխանատու է եղել Ռամզես Երկրորդի տաճարի զոհաբերությունների համար: Դամբարանը հայտնաբերել են Կահիրեի համալսարանի հնագետները՝ Սաքարայում իրականացված պեղումների ընթացքում, որը գտնվում է Կահիրեից 25 կիլոմետր դեպի հարավ: Իր անվանումը դամբարանների համալիրն ստացել է պտղաբերության աստված և մեռյալների հովանավոր Սաքարայի անունով:
Նա պատկերված է մումիայի տեսքով՝ բազեի գլխով կամ էլ հենց թռչունի տեսքով: Դամբարանի պատերին պահպանվել են հիերոգլիֆներ և ուրվանկարներ, որոնք պատկերում են հորթի, որին տանում են զոհաբերության: Նաև այնտեղ գտել են մի քանի քարաբլոկներ: Գիտնականները ենթադրում են, որ դրանք կարող են լինել շինության առաստաղի հենարանը, որը ժամանակի հետ քանդվել է:
Պեղումները դեռևս շարունակվում են և, հավանաբար, դամբարանում հետագայում նույնպես կհայտնաբերվեն հետաքրքիր արտեֆակտներ: Եգիպտոսում Ռամզես Երկրորդը կառավարել է մեր թվարկությունից առաջ Նոր Թագավորության ժամանակաշրջանում (մեր թվարկությունից առաջ 1550-1069 թվականներին): Այն ժամանակ Եգիպտոսը գտնվում էր իր հզորության բարձրակետում: