Իրաքի վարչապետի դեմ կամիկաձե անօդաչուով մահափորձ է իրականացվել, կան վիրավորներ. ԱՄՆ-ն կատարվածն անվանել է «ակնհայտ ահաբեկչություն»
Կիրակի գիշերը պայթուցիկներով լիցքավորված կամիկաձե անօդաչու թռչող սարքը հարձակվել է Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քադիմիի նստավայրի վրա, հայտնում է իրաքյան բանակը։ Ինքը՝ վարչապետը, չի տուժել, սակայն նրա թիկնապահները վիրավորվել են, հայտնում է BBC-ն։
Ինչպես հայտարարել են իրաքցի զինվորականները, վարչապետի դեմ մահափորձն իրականացվել է նրա նստավայրի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման միջոցով՝ Բաղդադի, այսպես կոչված, «կանաչ գոտում»:
Ալ Քադիմին Twitter-ի իր պաշտոնական էջում հայտնել է, որ ողջ է և առողջ։
«Ես լավ եմ, փառք Ալլահին, և բոլորին կոչ եմ անում հանգստության և զսպվածության՝ հանուն Իրաքի», - ասվում է գրառման մեջ։
Իրաքյան Shafak գործակալությունը, հղում անելով հատուկ ծառայությունների աղբյուրներին, հայտնում է, որ մահափորձի արդյունքում վիրավորվել են վարչապետի թիկնապահներից երեքը։
Իրաքի կառավարության երկու պաշտոնյաներ Reuters-ին հաստատել են, որ վարչապետի նստավայրում առնվազն մեկ պայթյուն է տեղի ունեցել, և որ ինքը՝ վարչապետը, չի վնասվել:
Բաղդադի խիստ հսկվող «կանաչ գոտում» տեղակայված են կառավարական գրասենյակներ և օտարերկրյա դեսպանատներ: Այնտեղ բնակվող դիվանագետները Reuters-ին հայտնել են, որ պայթյուններ և կրակոցներ են լսել:
Առայժմ ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել ենթադրյալ մահափորձի համար։
Կոնֆլիկտ իրանամետ ուժերի հետ
Վերջին շաբաթներին իրաքյան քաղաքականության իրավիճակը կոնֆլիկտային է հոկտեմբերի 10-ին կայացած խորհրդարանական ընտրությունների շուրջ։
«Ֆաթհ» դաշինքը, որը մի քանի իրանամետ զինված խմբավորումների քաղաքական թևն է, այս ընտրություններում, ըստ նախնական տվյալների, ստացել է պատգամավորական 329 մանդատներից միայն 15-ը։ Մինչ այդ նրանք խորհրդարանում ունեին 48 մանդատ։
Դաշինքի անդամները Մուստաֆա ալ Քադիմիի գլխավորած իշխանություններին մեղադրել են ընտրությունների արդյունքները կեղծելու համար: Դաշինքի հարյուրավոր կողմնակիցներ սկսել են բողոքի ակցիաներ անցկացնել «կանաչ գոտու» մոտ։
Ուրբաթ ցուցարարներն այնտեղ բախվել են ոստիկանների հետ, ցուցարարներից մեկը սպանվել է, երկու կողմից էլ 125 մարդ վիրավորվել։
Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն առաջիկա շաբաթներին։
Պետքարտուղարությունը դատապարտում է
ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչն Իրաքի վարչապետի դեմ մահափորձն անվանել է «ակնհայտ ահաբեկչություն»։
«Մենք թեթևացած զգացինք, երբ իմացանք, որ վարչապետն անվնաս է: Այս ակնհայտ ահաբեկչական գործողությունը, որը մենք խստորեն դատապարտում ենք, հարված էր Իրաքի պետության սրտին», - ասել է Նեդ Փրայսը:
Պետքարտուղարության ներկայացուցիչը հավելել է, որ Միացյալ Նահանգները կապի մեջ է Իրաքի հետախուզական ծառայությունների հետ և օգնություն է առաջարկել հետաքննության հարցում։