Բնական է, երբ լինում է պատերազմ և ամեն ինչ ճիշտ ես անում և պարտվում ես, բայց անբնական և աննորմալ է, երբ հարվածը ստանում ես ներսից և թիկունքից։ Այս մասին «Համախմվում ենք» համաերիտասարդական ֆորումի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։

«Երբ ակնհայտ տեսնում ես, որ ոչ թե հիմարության, տգիտության, այլ նենգաբար և խորամանկորեն, գիտակցված և պլանավորված իրենք ուղղակի բերեցին մեր տուն պատերազմ և նույն հետևողական քայլերով տարան պարտության»,-ասաց նա և նշեց, որ դա շատ ծանր և ցավոտ էր։

«Ինչ արեցին այսօրվա իշխանությունները, իրենց քաղաքական հայրերի վաղեմի երազանքը իրականացրեցին՝ «եկեք Արցախից հրաժարվենք, հանգիստ ապրենք», Արցախից հրաժարվեցինք, հիմա Սյունիքից պետք է հրաժարվենք, Սյունիքից կհրաժարվենք, կպարզվի, որ Մասիս քաղաքում ապրել են թուրքեր, ադրբեջանցիներ, դե եկեք ամեն դեպքում ռազմական էսկալացիայից խուսափելու համար պայմանավորվենք, դուրս բերենք մեր զորքերը և հանձնենք։ Եվ այստեղ յուրաքանչյուր բնակավայր, որտեղ երբևէ ապրել է ադրբեջանցին, մենք ստիպված ենք լինելու հանձնել, քանի որ մենք խուսափում ենք ռազմական էսկալացիայից։ Բայց որևէ մեկի մտքով չի անցնում, որ սա թերթի խմբագրություն չէ և քո խելքի բանը չէ երկիր ղեկավարելը և պետք է հրաժարական տաս, և գան նրանք, որոնք հաղթելու բանաձևին տիրապետում են և անցել են սրա միջով»,-ասաց նա և նկատեց, որ իշխանությունը կյանքի գնով իշխանությունը պահում է։

«Ինչ որ կորցրել ենք, հնարավոր է հետ բերել՝ բացառությամբ այն լույս տղերքի, որոնք, իրապես գիտակցելով, որ գնում են կռվելու, զոհվեցին։ Եռաբլուրը պետք է դառնա բոլորիս համար մեր գործողությունների, մոտիվացիայի վարքագծի հիմնական հաշվետու կենտրոնը։ Իրենք չպետք է զոհվեին հանուն ոչնչի, ոչ, նրանք չեն զոհվել հանուն ոչնչի, նրանք պահել են իրենց տունը, հողը, առաջիկայում ես վստահ եմ, մենք կունենանք հնարավորություն ապացուցելու, որ նրանք հանուն ոչնչի չեն զոհվել»,-ասաց նա։

Արթուր Ղազինյանը վստահություն հայտնեց, որ երիտասարդությունը պատրաստ է պայքարել իր ապագայի համար։ «Մենք մեր մեջ պետք է հասկանանք, որ առանց Արցախի Հայաստան չկա»,հավելեց նա։



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն