Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ մնալով իր միջազգային պարտավորություններին, բազմիցս հայտարարել է, որ Արցախի խնդիրը ռազմական լուծում չունի։ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ևս հայտարարվել է, որ Հայաստանը պատրաստ է տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացել։ Կառավարության ծրագրում հստակ արձանագրված է, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների կարգավորել հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ, ինչը չենք կարող ասել Ադրբեջանի մասին։

2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանի նախագահը մեկ անգամ չէ, որ ունեցել է հրապարակային հակահայկական ելույթներ և մինչ օրս շարունակում է վարել հայատյաց քաղաքականություն։

Դրա վառ օրինակ է Ադրբեջանի նախագահի սույն թվականի սեպտեմբերի 27-ի ամբողջական ուղերձը, որի յուրաքանչյուր պարբերության մեջ վերջինս հայերին անվանում է ֆաշիստ, թշնամի, պնդում, որ Հայաստանի Հանրապետությունը պատմական ադրբեջանական տարածք է, և այդ ամբողջովին խեղաթյուրված պատմական իրողությունները ադրբեջանցի երեխաներին պետք է սովորեցնեն դպրոցներում։

Ալիևի նմանատիպ հրապարակային հայտարարությունները վկայում են այն մասին, որ Ադրբեջանը պատրաստ չէ խաղաղության: Դրա վառ ապացույց են` Ադրբեջանում հայատյացության քարոզը, հայկական մշակութային հուշարձանների պղծումը և ոչնչացումը, հայ ռազմագերիներին կտտանքների ենթարկելը և սպանելը:

Խաղաղության մասին յուրաքանչյուր հերթական թեզ կապվում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի հետ անմիջապես առնչություն ունեցող «միջանցքի», ինչպես նաև այնպիսի նախապայմանների, որոնք մերժվում են թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների, թե Իրանի, Հնդկաստանի և այլ երկրների կողմից։

Ադրբեջանի կողմից խաղաղության իմիտացիայի վառ օրինակ են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության կողմից Արցախում տեղակայված խաղաղապահների խաղաղասիրական առաքելության ու դերի նվաստացմանն ուղղված, և դրանց ձևական բնույթ հաղորդելու վերաբերյալ պարբերաբար կրկնվող մերկապարանոց հայտարարությունները և գործողությունները։

Ադրբեջանի կողմից հայության նկատմամբ էթնիկ ատելության, անհանդուրժողականության և ցեղասպանական նկրտումների համատեքստում, պարբերաբար իրականացվում են հրադադարի պահպանման ռեժիմի խախտումներ, քաղաքացիական խաղաղ բնակչության կյանքին և առողջությանը սպառնացող բացահայտ ոտնձգություններ (մասնավորապես` սույն թվականի նոյեմբերի 8-ի քաղաքացիական անձանց բացահայտ սպանությունը), և այս ամենը պետք է ստանա համապատասխան միջազգային, քաղաքական, իրավական գնահատական:

Սա հայտարարում եմ, ոչ միայն որպես ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամ, այլ նաև որպես Ադերբեջանի մայրաքաղաք Բաքվում ծնված և Ադրբեջանի ղեկավարության կողմից տարված հայատյաց քաղաքականության պատճառով իր ծննդավայրից տեղահանված անձ: Սա վառ ապացույցն է առ այն, որ Ապշերոնյան թերակղզու ղեկավարությունը այս քաղաքականությունը վարում է ավելին քան 30 տարի»:

1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն