Քննարկում ենք հողերի խոշորացման եւ չմշակվող հողերի խնդիրը․ Ինչ տարբերակներ կան
Մեր զրուցակիցն է ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը
Պարոն Թունյան, օրերս վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են այն ուղղությունները, որոնք իրենց ներուժով հնարավորություն ունեն դառնալ տնտեսության լոկոմոտիվը և զարգացման հիմնական ճյուղերը: Ներկա էիք նաև Դուք, կնշե՞ք որ ուղղություններն առանձնացվեցին։
Սա աշխատանքային քննարկում էր, որին բացի կառավարությունից, մասնակցել են նաև տնտեսական բլոկի պատգամավորները։ Քննարկել ենք կառավարության կողմից նախանշվող գերակա ուղղությունները։ Քննարկումները շարունակվելու են։ Կմշակվեն առաջարկությունները, գերակա ուղղությունների վերաբերյալ համապատասխան հրապարակում կլինի, ավելի բաց կխոսենք։
Էկոնոմիկայի նախարարությունը նախաձեռնել է իրականացնել գյուղատնտեսության ոլորտի ամենակարևոր հարցերից մեկը` բարձրացնել հողերի արտադրողականությունը և ավելացնել ֆերմերային տնտեսությունների եկամուտները: Հողային բարեփոխումների վերաբերյալ ի՞նչ կարծիք ունեք։
Չգիտեմ՝ հողային որ բարեփոխումները նկատի ունեք, բայց ընդհանրապես հողերին վերաբերող երկու մոտեցում կա, առաջին՝ հողերի խոշորացումն է, որ մեզ մոտ կան մասնատված հողեր, և ներդրողների համար երբեմն բավականին դժվար է լինում, երբ խոսքը վերաբերում է խոշոր հողատարածքների վրա բիզնես նախագծեր իրականացնելուն։ Նպատակ կա, որպեսզի մենք կարողանանք ձևավորել ամբողջական մեծ հողակտորներ և ներդրողների համար ավելի հեշտ և նպաստավոր պայմաններ ստեղծենք՝ ցանկության դեպքում խոշոր հողակտորներ ձեռք բերելու, բայց թե դա ինչ տարբերակով պետք է արվի, քննարկելու հարց է, որովհետև կա երկու տարբերակ՝ ստիպողաբար, ոչ ստիպողաբար, տարբեր երկրներում կան տարբեր մոտեցումներ, Հայաստանում հիմա քննարկում ենք՝ որ տարբերակով առաջ գնանք։
Երկրորդ խնդիրը չօգտագործված կամ չմշակվող հողերի հետ կապված խնդիրն է, և կարելի է ասել, որ հողերի խոշորացման հետ որոշակի կապ ունի։ Եվ այս առումով մեխանիզմներ պետք է մտածել, որ մարդիկ մոտիվացիա ունենան չմշակվող հողերը մշակելու, որովհետև այսօր կան հողատարածքներ, որոնց տերերը տարիներ շարունակ այդ հողը պարապուրդի են մատնել, և եթե մեկը հայտնվում է, որ ցանկություն է հայտնում այն մշակելու կամ դրա վրա բիզնես ծավալելու, բավականին չհիմնավորված վարձավճարներ կամ վաճառքի դեպքում վաճառքի գներ են ասում, և այդ բիզնես ծրագրերը վիժեցնում են։
Տարբերակներից մեկը, որ միշտ քննարկվել է, գույքահարկի տարբերակված մոտեցում կիրառելն է, այսինքն՝ եթե հողատարածքն օգտագործվում է, այդ դեպքում գույքահարկը էական չափով ավելի ցածր է, քան չօգտագործվող հողերի դեպքում, բայց մինչև այսպիսի քայլերի գնալը պետք է հստակ չափորոշիչներ ունենալ, թե որ դեպքում հողատարածքը կամ անշարժ գույքը կարելի է ասել, որ օգտագործվում է կամ չի օգտագործվում, կամ մասամբ է օգտագործվում, որպեսզի դա մեքենայությունների և տարընթերցումների տեղ չթողնի, բայց միանշանակ որոշակի տարբերակված մոտեցում պետության կողմից այս հարցում պետք է լինի։
Պարոն Թունյան, Ամանորին ոչ աշխատանքային օրերի կրճատման հետ կապած Ձեր մոտեցումն ինչպիսի՞ն է։ Տնտեսության վրա այն ինչպե՞ս կազդի։
Այդ գաղափարը նոր չէ, վաղուց կա։ Եվ ես հիշում եմ, որ երբ տնտեսական լրագրող էի և նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հարցազրույց էի անում, հարցազրույցի մեխը հենց ամանորյա տոնական օրերի կրճատումն էր, որովհետև այսպիսի միտք էր հնչում, որ մենք իրավունք չունենք մեզ այդպիսի շռայլություն թույլ տանք և այդքան երկար տանը մնանք, հարկավոր է աշխատել, արդյունք ստեղծել։ Այսինքն՝ ընդհանուր մոտեցումս նորմալ է, բայց քանի օր պետք է կրճատել, թե իրականում տնտեսական ինչ արդյունք է տալիս, այս հարցում ես տեղեկություն այդքան չունեմ, դրա համար վերլուծություն է պետք, իսկ էկոնոմիկայի նախարարության թվերը լսել եմ, բայց դրա խորքային վերլուծությունները չեմ տեսել։
Էկոնոմիկայի նախարարը նշում է, որ Հայաստանում ավելի շատ ներդրում են ուզում անել տեղի գործարարները: Ինչո՞ւ դրսի ներդրողների համար հայկական շուկան որևէ կերպ գայթակղիչ չի դառնում:
Ես այդպիսի տեղեկատվություն չունեմ, թե որտեղի գործարարներն են ավելի շատ ուզում Հայաստանում ներդրում անել, և ընդհանրապես ես այդ ցանկությունների մասով ընդհանրապես տեղեկատվություն չունեմ, բայց եթե անգամ պարզվի, որ տեղականները ավելի շատ են ուզում ներդրում անել, դա որևէ կերպ չի նշանակում, որ դրսի ներդրողների կողմից հետաքրքրությունը քիչ է։
Lragir.am