Վաղարշապատում նոր գովազդային վահանակներ են ավելացվել եւ միանգամից գործող քաղաքապետի պաստառներն են փակցվել․ Թեկնածու
Վաղարշապատ (Էջմիածին) խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններին ընդառաջ թեկնածուները վարչական ռեսուրսի կիրառման մասին են ահազանգում։ Ընտրությունները կայանալու են դեկտեմբերի 5-ին, երկու օր առաջ արդեն մեկնարկել է նախընտրական քարոզարշավը։ Վաղարշապատ խոշորացված համայնքի ընտրություններին մասնակցում են 5 քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Էջմիածնի գործող քաղաքապետ Դիանա Գասպարյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ Գոռ Ստեփանյանի գլխավորությամբ, «Իրական ժողովրդավարական» կուսակցությունը, որի ցուցակի առաջին համարը Արմեն Աբրահամյանն է, «Հայրենատէր» կուսակցությունը, որի առաջին համարը Ջիվան Աբրահամյանն է և «Էջմիածին» կուսակցությունների դաշինքը, որը «Հայաստան» դաշինքի հետ է կապվում և որը գլխավորում է Սևակ Խաչատրյանը:
«Հայրենատէր» կուսակցության թեկնածու Ջիվան Աբրահամյանը Lragir.am-ի հետ զրույցում ահազանգեց, որ գործող քաղաքապետը վարչական ռեսուրս է գործի դրել։ «Մայրուղու մի հատվածում, որը մտնում է մեր համայնքի վարչական շրջանի մեջ, նոր գովազդային վահանակներ են ավելացվել։ Եվ այդ վահանակներին միանգամից գործող քաղաքապետի պաստառներն են փակցվել։ Սա ոչ միայն անհավասար պայմաններ է ստեղծում, վարչական լծակ կիրառելու դեպք է, այլ կոնկրետ կոռուպցիոն ռիսկ պարունակող գործընթաց է։ Այստեղ կոռուպցիոն ռիսկն այն է, թե ինչի՞ դիմաց է առանց այլընտրանքի միայն իր գովազդների տեղադրումը եղել։ Եթե մենք իմանայինք, որ այդտեղ գովազդային վահանակներ պետք է լինեն, օրինակ, 5 օր առաջ մենք ինքներս կփորձեինք մեր գովազդն այդտեղ տեղադրել։ Ստացվեց, որ քարոզարշավի մեկնարկի երկրորդ օրն այդ վահանակների տեղերը քաղաքապետարանի թուլտվությամբ ավելացվեցին, և արդեն նախնական պայմանավորված է, որ բոլորը պետք է լինեն Դիանա Գասպարյանի պաստառները։ Երեկ ու նախորդ օրը ամրացրել են այդ վահանակները, այսօր արդեն գովազդներն են տեղադրվել»,- ասաց նա։
Ջիվան Աբրահամյանի խոսքով՝ իրավական բոլոր հնարավոր քայլերին դիմելու են։ «Բայց եթե պարզվի, որ ՀՀ օրենքը չի դատապարտում նման դեպքերը, մենք արդեն կանցնենք մեր քաղաքացիական քայլերին և հանդես կգանք ոչ թե որպես քաղաքական ուժ, այլ որպես քաղաքացիներ, ովքեր իրավահավասարության համար են պայքարում, և կհեռացնենք այդ պաստառները։ Կկապվենք մնացած երեք թեկնածուների հետ, որ նրանք էլ տպեն իրենց պաստառները, և այդ գովազդային տեղերը հավասարաչափ կբաշխենք հինգ ուժերի մեջ»,- հավելեց նա։
«Հայրենատէր» կուսակցության անդամներն այսօր արդեն ուղիղ եթերով դիմել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ու ոստիկանությանը։ Ըստ Ջիվան Աբրահամյանի՝ թեև իշխանությունները հայտարարում են, որ ընտրությունների ժամանակ վարչական լծակ չեն կիրառում, սակայն իրականությունն այլ է։ «Սա փաստացի ապացույց է, որ կոնկրետ Վաղարշապատ համայնքում իշխանության ներկայացուցիչն այդ լծակները գործի է դրել։ Եթե իշխանությունն այդքան իր ասածի տեր է, թող այդ քայլն անի և հեռացնել տա, բացարկ հայտնի իր թեկնածուին»,- նշեց նա:
Lragir.am