Բրյուսելում նոյեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին ու ԵՄ խորհրդում նախագահող Սլովենիայի ԱԳ պետքարտուղար Ստանիսլավ Ռասչանը ստորագրել են ՀՀ-ԵՄ Ընդհանուր ավիացիոն համաձայնագիրը, այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

Նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է.

«Այսօր Ընդհանուր ավիացիոն համաձայնագրի ստորագրումը ևս մեկ կարևոր նշաձող է Եվրամիության և նրա 27 անդամ երկրների հետ մեր հարաբերություններում։

Ցանկանում եմ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել բոլոր նրանց, ովքեր այսօրվա իրադարձությունը իրականություն են դարձրել. Եվրոպական հանձնաժողովում, Խորհրդում և Սլովենիայի նախագահությունում մեր գործընկերներին, Հայաստանում բոլոր համապատասխան պատկան մարմիններին և Բրյուսելում մեր դիվանագիտական առաքելությանը։

Մոտ ապագայում սույն Համաձայնագրի վավերացումն ու ուժի մեջ մտնելը նոր հնարավորություններ կստեղծի Հայաստանում ավիացիոն ոլորտի զարգացման համար՝ դյուրացնելով Հայաստանի քաղաքացիների կապը եվրոպական այլ երկրների հետ։

ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտուն՝ ավիացիոն ծառայությունների միասնական շուկային միանալը կնպաստի ԵՄ ավիացիոն ստանդարտների ընդունմանը, ավիացիոն կանոնների կիրառմանը և կզարգացնի հետագա համագործակցությունը ավիացիոն անվտանգության ոլորտում:  Այս ամենից կշահեն ազգային ավիաընկերությունները և, իհարկե, անհատ ճանապարհորդները։

Համոզված եմ, որ Համաձայնագիրը կարևոր նշանակություն կունենա առևտրի, զբոսաշրջության, ներդրումների և, ընդհանուր առմամբ՝ տնտեսական ու սոցիալական զարգացման խթանման համար, ինչպես նաև կխթանի մարդկանց միջև շփումները և կապահովի ավելի մեծ շարժունակության հնարավորություններ»:



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն