Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «2021 թվականի հունիսի 12-ին (նախընտրական քարոզարշավի վերջին օրերին) Նիկոլ Փաշինյանը հրապարակել է Ադրբեջանից Հայաստան վերադարձող մի քանի գերիների լուսանկար (հարյուրավորներից ընդամենը 15-ի) և գրառում կատարել․ «Մեր 15 եղբայրները վերադառնում են» բովանդակությամբ։

2021 թվականի նոյեմբերի 17-ին, այդ քարոզարշավի հետևանքով ստեղծված Ազգային ժողովում ելույթ ունենալուց, երբ իր հանցավոր իշխանության գործունեության հետևանքով ոչ միայն չի կարողացել վերադարձնել մյուս գերիներին, այլև գերության մեջ են հայտնվել նոր մարդիկ, ասել է, որ ժամանակն է, որ գերեվարման յուրաքանչյուր դեպք պատշաճ ձևով հետաքննվի։ Նրա խոսքով` ՀՀ ԶՈւ–ում ծառայության անցնող յուրաքանչյուր անձ ունի պարտականություններ։ «Գուցե սխալ ենք վարվել էմոցիոնալ ֆոնի վրա` ի՞նչ է նշանակում գերի ընկնել, ի՞նչ հանգամանքներում է դա եղել` պետք է քննվի։ Զինվորական կանոնագրերը սահմանում են, թե որ դեպքում գերի ընկնելը չի համարվում հանցագործություն»,–ասաց նա։

Մեկ տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը հասկացել է, որ ի վիճակի չէ ապահովվել նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարության Հայաստանի շահերից բխող միակ կետի՝ գերիների վերադարձի կատարումը, որոշել է փակել նրանց վերադարձի թեման՝ իր համար հիմք ընդունելով Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի որոշումները, որոնցով հերթով-կարգով երկար տարիների ազատազրկման են դատապարտվում Հայաստանի այն քաղաքացիները, ովքեր գերության մեջ են հայտնվել իր իսկ հրահրած և վատ կազմակերպված պատերազմի հետևանքով։ Հավանաբար Հայաստան վերադարձված գերիների մի մասին էլ կդատեն Հայաստանի դատարաններում»։

Հ․Գ․ Գերիների հարազատների հետ վերջին անգամ հանդիպել էր Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ Նիկոլ Փաշինյանի աներձագ-պատգամավորի և այլոց հետ Հունաստանի կղզիներից մեկում ծովափնյա հանգստի ընթացքում ակտիվ պարելուց հետո։

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն