Ռուսաստանն ուզում է արագացնել գործընթացն ու մինչև դեկտեմբերի առաջին շաբաթը պարտադրել պայմանագրերը
Lragir.am-ի զրուցակիցն է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը
Պարոն Պապյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ պաշտպանության նախարարության՝ դելիմիտացիայի ու դեմարկացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ առաջարկները հայկական կողմի համար ընդունելի են։ Արդյոք այս տարբերակով պետք է լուծվի խնդիրը։
Դելիմիտացիան միջազգային իրավունքով դա միջպետական փաստաթղթում սահմանի նկարագրությունն է։ Հստակ նշվում են կոորդինատները, ուղղությունները։ Որպես կանոն՝ դրան կից լինում է նաև համապատասխան քարտեզ։ Բայց քարտեզն առանց փաստաթղթի որևէ իրավական հիմք չի կարող հանդիսանալ, դա պարզապես նկար է, այսինքն՝ քարտեզն իրավական կարգավիճակ է ունենում, եթե փաստաթղթին կից է։ Դեմարկացիան այն է, երբ արդեն այդ փաստաթուղթն ու քարտեզը համապատասխան հանձնաժողովը վերցնում է, բավական եկարատև, խնդրահարույց ու վիճահարույց պրոցեսներով սահմանը նշում է։ Հիմա, առաջարկել անել դելիմիտացիա ու դեմարկացիա առանց միջպետական համապատասխան փաստաթղթի, այսինքն՝ առանց այդ ամբողջի իրավական հիմքի, պարզապես ինչ-որ քարտեզի հիման վրա, դա անօրինական է։ Այն էլ այն պարագայում, երբ առաջարկվող գծերն ընդամենը վարչական միավորներն իրարից բաժանող գծեր են։ Հետևաբար, նախ պետք է հստակեցնել իրավական հիմքը, որի հիման վրա պետք է իրականացվի դելիմիտացիան, այսինքն՝ պատրաստվի միջպետական փաստաթուղթ՝ իր նկարագրական մասով, դրանից հետո կարելի է անել դեմարկացիա։ Որևէ այլ գործընթաց անօրինական է։
Հիմա, քանի որ կողմերը տարբեր տեսակետներ ունեն, կա միջպետական վեճ։ Միջպետական վեճերը լուծվում են մի քանի տարբերակով՝ մեկը պատերազմն է, որը մենք չենք ուզում։ Մյուս տարբերակը դատարանով լուծումն է։ Իմ առաջարկը հետևյալն է՝ Հայաստանը պետք է ասի՝ այո, ես համաձայն եմ և խաղաղության պայմանագիր կնքելուն, և դելիմիտացիային ու դեմարկացիային, բայց դա անելու համար և դրանից առաջ պետք է հստակեցվի իրավական հիմքը։ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է գնան միջազգային դատարան, դիմեն ու խնդրեն հստակեցնել հարցերը։ Օրինակ՝ հարց առաջին՝ արդյոք վարչական սահմանները կարող են հանդիսանալ միջպետական սահմաններ։ Եթե այո, ապա որ թվականի քարտեզներով։ Եթե Ադրբեջանն իր անկախության վերականգնման մասին հռչակագրով և սահմանադրական ակտով հրաժարվել է սովետական շրջանի իրավապայմանագրային հենքից, արդյոք ինքը կարող է դրանից հետո հղում կատարել մի բանի վրա, որից հրաժարվել է։ Մի շարք հարցեր պետք է դրվեն, որոնց հենց դատարանը պետք է պատասխանի։ Արդյոք կուսակցական ներպետական որոշումը, մասնավորապես, կավբյուրոյի որոշումն ավելի բարձր կարգավիճակ ունի, քան Ազգերի լիգայի համապատասխան հանձնաժողովի զեկույցը։ Ո՞ւր ենք շտապում։ Թող այդ հարցն այսօր չորոշվի, համայնքներում թող մարդկանց կենսագործունեության հարցը լուծեն, զուգահեռ դիմեն միջազգային դատարան։ Մեկ կամ երկու տարի հետո կստանան դատավաճիռ ու խաղաղ ճանապարհով այդ հարցը կլուծեն։ Երբ իրենք ասում են՝ «Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածք», դա ինչո՞վ է ճանաչված։ Միջազգային փաստաթուղթ կա՞, որ կասեն՝ «այս փաստաթղթով Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի մաս»։ Որպեսզի Հայաստանը հանդես չգա բացասական լույսի ներքո, որ չի ուզում խաղաղություն ու հարևանների հետ խնդիրների լուծում, պետք է համաձայնվի այս գործընթացին, բայց դնի իր նախապայմանները։
Եթե միայն Ռուսաստանի միջնորդությամբ են փորձում այս խնդիրը լուծել, ի՞նչ վտանգներ է այն պարունակում։
Ռուսաստանի միջնորդությամբ գնալը սխալ է, որովհետև այս հակամարտությունը հենց նույն Ռուսաստանի համաձայնությամբ 1992 թվականից ի վեր գտնվում է Մինսկի խմբի եռանախագահության հովանու ներքո։ Հետևաբար, ինչո՞ւ պիտի այդ եռնախագահներից մեկն ունենա բացարձակ իրավունք՝ ինչ-որ խնդիրներ լուծելու։ Դա սխալ է իրավական տեսանկյունից, որովհետև որևէ մեկը Մինսկի խումբը չի լուծարել։ Ի դեպ, հաջորդ տարվա համար մոտ 1 մլն դոլար բյուջե է հատկացված Մինսկի խմբի եռանախագահությանը։ Այսինքն՝ միայն Ռուսաստանի միջնորդությամբ սխալ է այս հարցը լուծել, հատկապես որ Ռուսաստանն ունի կողմնակալ դիրքորոշում այս հարցում՝ ի վնաս մեզ, հօգուտ Թուրքիայի ու Ադրբեջանի։ Իր շահերն այսօր շատ ավելի կարևոր են այդ երկրների հետ, քան մեզ հետ։ Հետևաբար, եթե մենք հարցը թողնում ենք այս դաշտում, տուժում ենք։
Սյունիքի մարզում նոյեմբերի 16-ի ռազմական գործողություններն ու պարբերաբար իրավիճակի սրումն այս գործընթացն արագացնելու նպատա՞կ ունեն։
Դա Հայաստանին պարտադրելու և հակադրելու քայլերից մեկն է։ Ըստ ոչ պաշտոնական, բայց շատ հավաստի աղբյուրների, Ռուսաստանի կողմից եղել է առաջարկ-պարտադրանք։ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ դելիմիտացիայի ու դեմարկացիայի հարցով երեք առաջարկ է եղել ՌԴ կողմից, Հայաստանն էլ հրաժարվել է։ Ըստ տեղեկությունների՝ վերջին խոսակցությունը նոյեմբերի 7-ին է եղել, որպեսզի նոյեմբերի 9-ին փաստաթուղթը ստորագրվեր։ Նիկոլ Փաշինյանը չի համաձայնել, և դրանից հետո մենք տեսնում ենք իրավիճակի էսկալացիա։ Այսինքն՝ Ռուսաստանն ասում է՝ ինչ ասում ենք, արա, հակառակ դեպքում Ադրբեջանը կշարունակի իր հարձակումները, մենք էլ՝ որպես դաշնակից, հազար տեսակի պատրվակ կբռնենք, բայց որևէ քայլ չենք անի։ Ռուսաստանն այսօր գործում է՝ ելնելով միայն իր շահերից։ Կարծում եմ՝ առաջիկա մեկ-երկու ամսվա ընթացքում համաշխարհային ճնշումներ կլինեն Ռուսաստանի վրա, ինքն այլևս չի կարողանա այս հարցերով խորանալ։ Եվ ուզում է արագացնել գործընթացն ու մինչև դեկտեմբերի առաջին շաբաթը այս հարցերը լուծել։