«Մեր արևելյան սահմանին գործ ունենք նոր տիպի պատերազմի հետ». Լեհաստանը պատրաստ է փակել Բելառուսի հետ սահմանը
Լեհաստանը դիտարկում է Բելառուսի դեմ լուրջ պատժամիջոցների հնարավորությունը՝ ներառյալ սահմանի, տարանցիկ և առևտրային անցումների փակումը։ Այս մասին կիրակի հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին Էստոնիայի կառավարության ղեկավար Կայա Կալլասի հետ համատեղ մամուլի ասուլիսում, տեղեկացնում է ՏԱՍՍ գորածակալությունը:
«Մենք դիտարկում ենք քայլեր՝ ավելի ու ավելի լուրջ տնտեսական պատժամիջոցների տեսքով, այդ թվում՝ Լեհաստանի կողմից լեհ-բելառուսական սահմանի փակումը»,- ասել է նա՝ ընդգծելով, որ ամեն ինչ կախված կլինի Բելառուսի իշխանությունների գործողություններից։
«Մենք ցանկանում ենք (Բելառուսի նախագահ Ալեքսանդր) Լուկաշենկոյին հնարավորություն տալ նահանջելու և միգրանտներին վերադարձնելու իրենց ծագման երկրները», - հավելել է Մորավեցկին՝ հիշեցնելով, որ մինչ այժմ Լեհաստանը որոշել է փակել միայն մեկ սահմանային անցակետ Կուզնիցայում։
«Բայց միգրանտները դեռ չեն վերադարձել»,- ասել է Լեհաստանի կառավարության ղեկավարը՝ պնդելով, որ լեհական կողմը տեսագրություն ունի, որտեղ երևում է, թե ինչպես են բելառուսական ծառայությունները հրահանգում միգրանտներին հարձակվել Լեհաստանի անվտանգության ուժերի վրա։
«Սա նշանակում է, որ բելառուսական ծառայությունների գործողությունները կարող են հանգեցնել էսկալացիայի»,- հավելել է Մորավեցկին։
«Մենք պատրաստ ենք փակել նոր անցումները, փակել տարանցիկ և առևտրային հնարավորությունները՝ տնտեսական ճնշում գործադրելու համար»,- ասել է նա։
«Այսօր մեր արևելյան սահմանին՝ Լեհաստանի արևելյան սահմանին, գործ ունենք նոր տիպի պատերազմի հետ, որում որպես զենք են ծառայում միգրանտները, ապատեղեկատվությունը: Մենք գործ ունենք հիբրիդային պատերազմի հետ»,- ասել է Մորավիեցկին՝ Բելառուսի իշխանություններին և Ռուսաստանին մեղադրելով կատարվողի համար:
Նրա խոսքով՝ բացի աճող միգրացիոն ճգնաժամից, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի արևելյան սահմաններին վտանգ է ներկայացնում «արհեստականորեն հրահրված էներգետիկ ճգնաժամը» և «Ուկրաինայում Ռուսաստանի աճող ռազմական ակտիվությունը»։
Լատվիայի, Լիտվայի և Լեհաստանի հետ Բելառուսի սահմանին ճգնաժամը, որտեղ տարեսկզբից ներգաղթյալներ են կուտակվել, կտրուկ սրվել է նոյեմբերի 8-ին։ Մի քանի հազար մարդ բելառուսական կողմից եկել է Լեհաստանի սահման ու չի լքել սահմանային գոտին, նրանցից ոմանք փորձել են մտնել Լեհաստանի տարածք՝ կոտրելով փշալարը։ ԵՄ երկրները մեղադրում են Մինսկին ճգնաժամի միտումնավոր սրման համար և կոչ են անում պատժամիջոցներ սահմանել։ Լուկաշենկոն ասում է, որ ստեղծված իրավիճակում մեղավոր են հենց արևմտյան երկրները, որոնց գործողությունների պատճառով մարդիկ փախչում են պատերազմից։
Tert.am