Միջազգային սահմաններն անփոփոխելի են. Իրանի ԱԳ նախարարն Ադրբեջանի փոխվարչապետի հետ քննարկել է կովկասյան տարածաշրջանի վերջին զարգացումները
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահիանը հայտնել է երկրի պատրաստակամությունը՝ մասնակցելու Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող այն տարածքների վերականգնման գործընթացին, որոնք Բաքվին են անցել Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին պատերազմից հետո, հայտնում է Tasnim գործակալությունը:
Իրանցի բարձրաստիճան դիվանագետը կիրակի հանդիպել է Ադրբեջանի փոխվարչապետ, տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի նախագահ Շահին Մուստաֆաևի հետ, որը մեկօրյա այցով մեկնել էր Թեհրան։
Երկու պաշտոնյաները քննարկել են կովկասյան տարածաշրջանի վերջին զարգացումները և Թեհրանի և Բաքվի երկկողմ համագործակցությունը։
Գոհունակություն հայտնելով երկու ժողովուրդների միջև առևտրային հարաբերությունների և խորը կապերի աճի միտումից՝ Ամիրաբդոլլահիանն «Ադրբեջանի տարածքների ազատագրումը» (չակերտները՝ Tert.am) երկու երկրների տնտեսական հարաբերություններում նոր էջի սկիզբ է անվանել և ընդգծել, որ երկու կողմերը պետք է օգտագործեն տնտեսական հարաբերություններում բոլոր կարողություններն առևտրի, տրանսպորտի, էներգետիկայի և զբոսաշրջության ոլորտներում։
Իրանցի բարձրաստիճան դիվանագետն անդրադարձել է Իսլամական Հանրապետության հնարավորություններին և հայտարարել, որ իրանական ընկերությունները պատրաստ են մասնակցել նոր «ազատագրված տարածքների» (չակերտները՝ Tert.am) վերականգնմանը, հաղորդել է Իրանի ԱԳՆ կայքը։
Արտգործնախարարը վերահաստատել է երկրների տարածքային ամբողջականությանն աջակցելու Իրանի մշտական քաղաքականությունը՝ ընդգծելով, որ միջազգային սահմաններն անփոփոխելի են։
Ադրբեջանի փոխվարչապետն, իր հերթին, գոհունակություն է հայտնել Իրանի նավթի, ինչպես նաև ճանապարհների և քաղաքաշինության նախարարների հետ իր կառուցողական հանդիպումներից՝ ասելով, որ երկու երկրները մոտ են նավթի, գազի ոլորտներում պատմական համաձայնագրերի ստորագրմանը։
Tert.am