Փաստաբան Ամրամ Մակինյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետ Հր․Մուշեղյանից ծանուցում է ստացել, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցաքննության է կանչվում՝ որպես մեղադրյալ։

«Երբ ապիկար իշխանությունն ընտրում է մինչև վերջ խայտառակվելու ճանապարհը․․․

Եվ զավեշտն այն է, որ երեք ու կես տարի Սիլվայի ցուցմունքը վերցնել-դնելով՝ այսօր «որոշել են», որ նա նաև Սերժ Սարգսյանին է կաշառք տվել, և դա՝ այն դեպքում, երբ նույն գործով դեռևս երկու տարի առաջ Սերժ Սարգսյանը հարցաքննվել է՝ որպես վկա, և մինչ օրս որևէ նոր հանգամանք իրավական առումով չի փոխվել և չի ավելացել…

Լավ, Սիլվայից բացի, ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք»,- գրել է նա։

168.am-ի հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր, «Անվտանգություն և ժողովրդավարություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը թեմայի առնչությամբ ասաց, որ սույն տիկնոջը՝ Սիլվա Համբարձումյանին, հերթական անգամ «տուփից հանել և օգտագործում են», հետևաբար՝ իր գնահատականը ժողովրդի հանդեպ բարձրանում է։

«Վերջերս շատ են խոսում, թե ողջ ժողովրդին սարքել են գործ տվող, այդպես չէ, եթե այդպես լիներ, ապա իրենք էլ կհասկանային, որ նույն փչացած ու շարքից դուրս եկած գործիքն անընդհատ և պերմանենտ օգտագործելուց հետո, այդ կնոջ ամորտիզացիոն բոլոր ժամկետներն այլևս սպառված են։ Չեն կարողանում պեղել մեկին, ով պատրաստ է իր վրա նման հանցագործ պիտակ վերցնել և աջ ու ձախ բոլորին մեղադրել։

Ի վերջո, ես դիմում եմ մեր իրավապահ համակարգին՝ կաշառք տալը և վերցնելը նույնչափով քրեորեն պատժելի արարք են։ Որքանով հասկացա՝ երկիր մոլորակի վրա սպառվել է այն մարդկանց քանակը, ում ինքը կաշառք է տվել, հարց՝ այս դեպքում կաշառք տալու դեպքում որևէ քրեական պատասխանատվություն չի՞ հասնում»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը։

Նա հիշեց հայտնի անեկդոտի խոսքերը, թե՝ դուք ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք, հետևաբար՝ ուրիշ գործ տվողի անուն չգիտե՞ն։

«Եթե նա կաշառք է տվել Երրորդ նախագահին, ապա 3,5 տարի հետո հիշե՞ց, որ կաշառք է տվել, թե՞ իրեն հուշել են այդ մասին։ Արդեն տևական ժամանակ մենք ապրում ենք արժեքային այնպիսի ջնջխված համակարգում, որ խոսել ինչ-որ ադեկվատ օրակարգի մասին՝ աբսուրդ է։ Հիշում եմ, տարիներ առաջ Սուրիկ Խաչատրյանը «Մարիոթում» ապտակել էր այդ կնոջը, ես առաջիններից մեկն էի, որ պաշտպանեցի կնոջը, այո՛, չի կարելի որևէ մեկի վրա ձեռք բարձրացնել, առավել ևս՝ կնոջ։ Բայց հիմա տեսնում եմ, թե ինչպիսի մարդկային որակի հետ գործ ունենք, որը պատրաստ է պերմանենտ ու անընդհատ օգտագործվել և կատարել ամենազազրելի հանձնարարականները։ Ուզում եմ հասկանալ, ո՞րն է գինը, որ կինը պատրաստ է իջնել այս աստիճանի։ Ես, բնականաբար, գործի մանրամասներին դեռ ծանոթ չեմ, բայց միայն այն, որ որքան հասկանում եմ, այդ նույն ցուցմունքով տարիներ առաջ արդեն եղել է հարցաքննություն, ինչը որևէ հետևանք չի ունեցել, վստահ եմ, որ որևէ դատավոր, եթե կամիկաձե չէ, իր վրա չի վերցնելու նման ծանր բեռ և լուրջ կվերաբերվի բազմակի օգտագործման այդ իրի ցուցմունքներին»,- հավելեց Նաիրա Զոհրաբյանը։

Հարցին՝ կզարմանա՞ եթե, օրինակ, մի օր էլ Սիլվա Համբարձումյանը հայտարարի, որ իրեն էլ է կաշառք տվել, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց, որ Հայաստանում արդեն որևէ բանի վրա չի զարմանում։ Սակայն ամեն ինչ ասելով չէ, ասելը դեռ քիչ է, պետք է ասածն ապացուցել։

«Այն դատավորները, ովքեր կեղծ ցուցմունքը կընդունեն՝ որպես իրավացիության հիմք, ապա այդ դատավորներն էլ պետք է իմանան, որ գալու է նաև իրենց պատասխան տալու ժամանակը։ Եթե ընդունենք, որ այդ կնոջ բազմակի կաշառատվության ցուցմունքներն իրականությանը համապատասխանում են, ապա այդ կինը կրիմինալ ու հանցագործ է, որովհետև նա մեր երկրում օրինական ոչինչ չի արել։ Այսինքն՝ իր յուրաքանչյուր քայլով այդ կինն ապացուցում է, որ ինքը կրիմինալ անձնավորություն է։ Իսկ սրա համար, երբ երկրում կլինի ադեկվատ իշխանություն, իսկ ես վստահ եմ, որ կլինի, այդ կինը պատասխան կտա իր բոլոր կրիմինալ գործարքների համար»,- եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը։

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն