Ինչո՞ւ Մոսկվան փոխարինվեց Բրյուսելով, պետք է թակել բոլոր դռները
Մոսկովյան Փաշինյան-Ալիև-Պուտին եռակողմ հանդիպման տապալումից հետո պաշտոնապես հայտարարվեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները, Եվրոպական խորհրդի ղեկավարի նախաձեռնությամբ, համաձայնել են նաև ուղիղ կապ հաստատել Բրյուսելում՝ ԵՄ Արևելյան գործընկերության համաժողովի շրջանակներում։
Ինչո՞վ է պայմանավորված Մոսկվան Բրյուսելով փոխարինելը։ Հարցն ուղղում ենք Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանին։
-Պարոն Հովհաննիսյան, ինչու՞ Մոսկվայի փոխարեն Բրյուսել։
-Բա պետք է, չէ՞, արձագանքել այն իրողություններին, որոնք եղան․ Մոսկվայի պայծառ ներկայացուցիչները հավաքվեցին այստեղ, Հայաստանը դիմեց նրանց՝ ասելով, որ վիճակն այսպիսին է, նրանք նույնիսկ մեկ նախադասությամբ հարկ չհամարեցին անդրադառնալ այդ հարցին։ Պարզ է, չէ՞, եթե հրաժարվում են ականջալուր լինել քո տագնապներին, որոնք ակնհայտ են և որոնք միանգամայն հիմնավորված են, ուրեմն այլ ափերին պետք է փնտրես քո փրկությունը։ Երաշխիքներ քո անվտանգությունն ապահովելու համար։ Բայց հո ձեռքներս ծալած չենք նստելու, սպասենք, մինչև որ թուրքը գա, հասնի Երևան։ Զենք չկա․․․ զենք չեն տալիս, մեզ զենք տվող չկա։
-Մոսկվան լինելու է շարունակությունը Նոյեմբերի 9-ի ու Հունվարի 11-ի պայմանավորվածությունների, որոնք ձեռք են բերվել ՌԴ երաշխավորությամբ։ Հիմա եթե գնում է Բրյուսել․․․
-Դու հո հավատարմության երդում չե՞ս տվել։Միջպետական հարաբերությունները չեն հիմնվում հավատարմության երդումների վրա։ Այլ՝ շատ հստակ պայմանավորվածությունների վրա։ Մասնավորապես, կա պայմանագիր, կան պարտավորություններ, որոնք ստանձնել է ՌԴ-ն՝ այն պայմանով, որով այսօր Հայաստանի տարածքում անվճար պահում է իր բազան։ Անվճար օգտվում է մեր երկրում ռազմական հենակետ ունենալուց և այն ՌԴ միակ հենակետն է Հարավային Կովկասում, եթե հաշվի առնենք այն, որ Աբխազիան և Օսեթիան այլևս ՌԴ մաս են։ Խոսքը 3 հանրապետությունների մասին է, այդ 3 պետություններից միայն Հայաստանում Ռուսաստանն ունի ռազմական հենակետ։ Եվ այդ հենակետը գործում է այն պայմանով, որ,ՌԴ ռազմական հենակետի պարտավորությունն է՝ ապահովել Հայաստանի Հանրապետության սահմանների անձեռնմխելիությունը։ Եվ դա ամրագրած է համապատասխան միջազգային պայմանագրերով։ Իսկ թուրքը մտել է քո սահմաններից ներս։ Ուրեմն՝ պե՞տք է ինչ-որ բան անես, դու պետք է թակես բոլոր դռները։
-Պարոն Հովհաննիսյան, այսքան ճակատագրական ու վճռորոշ ժամանակներում, անգամ, «ռազմավարական» դաշնակից փոխելը։ Ի վերջո, կա ասացվածք՝ գետաբերանին ձիերին չեն փոխում։
-Մենք չենք փոխում, Հայաստանն ու հայ ժողովուրդը չեն փոխում։
-Այսինքն՝ Ռուսաստա՞նն է Նիոլ Փաշինյանին մղել Բրյուսել։
-Ինչ է նշանակում․․․ Ռուսաստանն, իհարկե, ամենևին էլ հիացած չէ այդ քայլից։ Բայց այն տրամաբանական է։ Այսինքն՝ եթե դու չես ստանում աջակցություն քո հովանավորից, դու փնտրում ես նոր հովանավորներ։ Եվ չեմ զարմանա, որ վաղը, մյուս օրը մեր ժողովուրդը ոտքի կանգնի և դիմի Միացյալ Նահանգներին, որպեսզի վերցնեն մանդատ։ ԱՄՆ-ը վերցրել էր մանդատ և Վուդրո Վիլսոնի քարտեզն է դա վկայում։ Ռուսաստանը 30 տարի է՝ օգտվում է ՝ առանձնաշնորհյալ հնարավորություններից՝ հովանավորելու Հայաստանը։ Այսինքն՝ ունի փաստացի մանդատ։ Ռուսաստանն է ամեն ինչը Հայաստանում որոշում և մենք եկել, հանգել ենք էս վիճակին։ Հիմա էս ժողովուրդը եզրահանգումներ չանի՞։ Սա պարզ հարց է՝ հայ ժողովուրդը պետք է եզրահանգումներ անի, թե ինչու է էսօր հանգել էս արդյունքներին։ Այսինքն՝ սա տրամաբանական քայլ է։ Նորից եմ կրկնում՝ բոլոր դռները ծեծել և ահազանգել,որ հայ ժողովուրդը կանգնած է կործանման եզրին։ Ուրեմն մենք պետք է լռելյայն կորե՞նք։
-Պարոն Հովհաննիսյան, ԱՄՆ, ԵԽ, ՄԱԿ-ի հայտարարություններ․ դրանցում բոլորում հավասարության նշան է դրվում։
-Պարզ ասում եմ․ այսօր մենք ունենք մեկ դաշնակից։ Ես 5 տարի է՝ ասում եմ, որ պետք է ազգային անվտանգության հայեցակարգում փոփոխություն մտցվի և ինչպես Ռուսաստանը մեզ համարվում է մեր իբրև թե դաշնակից, Ադրբեջանին՝ գործընկեր․․․ իսկ այդ Կորոտչենկո զահրումարը, ասում է՝ ավելի լավ է ունենալ լավ գործընկեր՝ ի դեմս Ադրբեջանի, քան վատ դաշնակից՝ ի դեմս Հայաստանի․․․․Մենք ինչո՞վ ենք վատ դաշնակից, որ բազան տեղադրել ենք, գումար չենք վերցնում, դրա համա՞ր։ Որ մեր ամբողջ տնտեսությունը տվել ենք Ռուսաստանին, որ ՀԱՊԿ-ի հավատարիմ անդամ ենք, որ ԵԱՏՄ մտանք․․․ Եթե դրանով ենք վատ դաշնակից, ուրեմն դուրս կգանք էդ կառույցներից։ Էդքան բան։
Հարց ա ծագում, չէ՞, իսկ ինչ պետք է անենք այսօր։
-Իսկ ի՞նչ է ստորագրելու Նիկոլ Փաշինյանը Ձեր կարծիքով։
-Ինձ չի հեատաքրքրում, թե ինչ պետք է ստորագրի Նիկոլ Փաշինյանը, ինձ հետաքրքրում է այն հանրահավաքը, որը այսօր կայանալու է, մեր ժողովրդի դիրքորոշումն է ինձ հետաքրքրում։
-Մեր ժողովուրդը ընտրել է Նիկոլ Փաշինյանին, ընտրել է «խաղաղությունը» կամ ավելի բարձրագոչ՝ «Խաղաղության դարաշրջանը»։
-Խաղաղության դարաշրջան թույլ չեն տալիս, վայ։ Մի՞թե հասկանալի չէ։Մենք ուզում ենք փակենք էդ էջը, որը բացել են Զորի Բալայանը և մյուսները։ Այո, մեր ժողովուրդը ուզում է փակի էդ էջը։ Մեզ թույլ չեն տալիս, մեր ազգային անվտանգությունը չեն պահպանում, մեզ ծնկի են բերում և ուզում են Սյունիքը պոկել։ Եվ որ Սյունիքը ունենա նույն կարգավիճակը, ինչ Արցախը՝ էսօր։
-Պարոն Հովհաննիսյան, միթե սա տրամաբանական շարունակությունը չէ Նիկոլ Փաշինյանի նախորդ ստորագրությունների։ Որ լինելու էր այդ միջանցքը, մեկն անունը կդնի «միջանցք», մեկը՝ ճանապարհ։ Օրինակ՝ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը ասաց, որ իր համար դեռ 6 ամիս առաջ պարզ էր, որ դա է նախատեսվում։ Անգամ ակնարկեց, որ ընդդիմությունն էլ լավ գիտեր այդ մասին, լռում էր, ինչո՞ւ չասաց։
-Ուրեմն՝ ես առաջարկում եմ, որ բոլոր այդ գեներալները հավաքվեն, դիմեն Ադրբեջանին, որ իրենք պատրաստ են գնալ, գերեվարվել, որպեսզի նրանք ազատեն մեր զինծառայողներին։ Այ էդ գեներալները, Հակոբյան-Մակոբյան, բոլորը․․․
-Իսկ ՔՊ-ն ,Գերագույն գլխավոր հրամանատա՞րը։
-Սա Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի առաջարկն է։ Որ գնան փոխանակվեն բոլոր նրանք, ովքեր տանուլ տվեցին պատերազմը, ովքեր եղել են շտաբերի պետեր, բոլորով հավաքվում են, որոշում են՝ թվով քանիսը՝ 20՞ են, 30՞, ինչքան գերի կա, գնում, նրանց հետ փոխանակվում են։
Hraparak.am