Ազգային ժողովրդավարական բևեռը Վիլսոնի իրավարար վճռի 101-րդ տարեդարձի առթիվ ակցիա է իրականացնում Հայաստանում ԱՄՆ դեսպանատան առաջ։

1920 թվականի նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը ստորագրել և ԱՄՆ մեծ կնիքով ամրագրել է հայ-թուրքական սահմանը որոշող իրավարար վճիռը։ ԱԺԲ անդամների խոսքով՝ այն մինչև այսօր հանդիսանում է միակ լեգիտիմություն ունեցող միջազգային փաստաթուղթը Հայաստանի սահմանների մասին։ Ըստ ակցիայի մասնակիցների՝ Հայաստանն այսօր ԱՄՆ-ից ակնկալում է գործուն աջակցություն՝ ռուս-թուրքական ծրագրերը խափանելու համար։

ԱԺԲ անդամ Արա Պապյանն իր ելույթում ասաց, որ ԱՄՆ դեսպանատան մոտ են՝ Վիլսոնի իրավարար վճռի իրականացման համար պահանջներ ներկայացնելու ու երախտագիտություն հայտնելու համար։

«Քանի որ իրավարար վճիռը կայացրել է ԱՄՆ նախագահը, ԱԺԲ խորհուրդը որոշեց նամակով դիմել ներկայիս գործող ԱՄՆ նախագահ Բայդենին»,- ասաց նա։

Նամակում նշվում է, որ Հայաստանը վերստին կանգնած է լինել-չլինելու մարտահրավերի դեմ։ Հայոց պետականությունն ու հայկական գործոնն անհամատեղելի են ռուսական կայսրության ծավալապաշտական ու շովինիստական հայեցակարգի հետ։ Ուստի, Ռուսաստանը շարունակում է տխրահռչակ Պուտին-Լավրովյան պլանով սանձազերծված 44-օրյա պատերազմով սկսված ՀՀ անօտարելի տիտղոսի ներքո գտնվող տարածքների զավթումը։

«Ռուս-թուրք-ադրբեջանական սերտ գործակցությամբ և Ադրբեջանի անմիջական կատամամբ իրականացվող այս գործընթացը, որը ներկայումս հասել է Հայաստանի գոյության համար որոշիչ նշանակություն ունեցող Սյունիքին, կասեցնող ու հակազդող գործողությունների բացակայության պայմաններում կանգ չի առնելու ու հանգեցնելու է ՀՀ ամբողջական լուծարման ու զավթման։ Ռուս-թուրք-ադրբեջանական դաշինքի՝ այս ծրագրի անխոչընդոտ իրագործման համար Ռուսաստանը Հայաստանի քաղաքական դաշտը զավթել է իր դրածոներով կամ ենթակա ուժերով»,- նշվում է նամակում։

Արա Պապյանը հավելեց, որ ակնկալում են, որ ԱՄՆ-ն ավելի ակտիվ կշարունակի աջակցել Հայաստանի և հայ ժողովրդի ինքնիշխան ու ժողովրդավարական ապագային։ Ինչպես նաև կաջակցի Մինսկի խմբի ձևաչափով Հայաստանի դեօկուպացիայի համատեքստում Արցախի հարցի արդարացի լուծման գործին։

Lragir.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն