«Դու ո՞վ ես, որ ում էլ ներես։ Ձեր ամեն ինչը սուտ է». Քըլըչդարօղլուն՝ Էրդողանին
Թուրքիայում «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն կոշտ պատասխան է տվել «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ղեկավար և երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանն առ այն, որ ինքը ներում է Քըլըչդարօղլուին և ետ է վերցնում նրա դեմ ներկայացրած 17 հայցերը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Դու ո՞վ ես, որ ում էլ ներես։ Այդ հայցերդ ետ մի՛ վերցրու, մինչև վերջ տա՛ր։ Ձեր ամեն ինչը սուտ է», – նշել է ընդդիմադիր կուսակցապետը Twitter-ի իր էջում կատարած գրառման մեջ։
Քըլըչդարօղլուն ընդգծել է, որ 2011 թվականից ի վեր Էրդողանն իր դեմ թվով 44 գործ է հարուցել, որից 21-ն ավարտվել է, իսկ մյուսները՝ շարունակվում են։ Ընդ որում՝ վերջնական ավարտված 21 գործերից 18-ն ավարտվել է հօգուտ և միայն 3-ը՝ ընդդեմ իրեն։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ին Թայիփ Էրդողանը ետ է վերցրել ԺՀԿ առաջնորդ Քըլըչդարօղլուի դեմ ներկայացրած թվով 17 հայցերը և հրաժարվել մոտավորապես 4 միլիոն 460 հազար թուրքական լիրա փախհատուցումից։ Քըլըչդարօղլուին 10 հազարից մինչև 1 միլիոն լիրա փոփոխհատուցման պահանջ էր ներկայացվել միայն 2011-2016 թվականներին հանրահավաքների ժամանակ Թայիփ Էրդողանի դեմ վիրավորանք պարունակող հայտարարություններ անելու համար։
168.am