Կրեմլից հայտնել են, որ Ուկրաինան արդեն սկսել է զենք ստանալ ՆԱՏՕ-ի երկրներից
Օտարերկրյա ռազմական խորհրդականներ են ժամանում Ուկրաինա, և Կիևին զենք է մատակարարվում ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ի այլ երկրներից, ինչը հանգեցնում է այս երկրում իրավիճակի հետագա սրմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է «Ինտերֆաքսը»։
Լրագրողների հետ զրույցում նրան խնդրել են մեկնաբանել տեղեկությունը, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը չի բացառում Ուկրաինա ռազմական խորհրդատուների և լրացուցիչ զենք ուղարկելու հնարավորությունը։
«Պետք չէ բացառել ռազմական խորհրդատուների և զենքի ուղարկումը Ուկրաինա, քանի որ դա տեղի է ունենում»,- ասել է Կրեմլի խոսնակը։
Նրա խոսքով՝ «այնտեղ ժամանում են ռազմական խորհրդականներ, զենքի համակարգեր են մատակարարվում ոչ միայն ԱՄՆ-ից, այլև ՆԱՏՕ-ի այլ երկրներից»։ Պեսկովն ընդգծել է, որ «այս ամենը, իհարկե, հանգեցնում է իրադրության հետագա սրմանը»։
Տաթև Ֆռանգյան
Factor.am