Պատրուշևն Արևմուտքին մեղադրել է միգրանտների չվերահսկվող հոսքերի ի հայտ գալու համար
Արևմուտքի միջամտությունն այլ երկրների գործերին դարձել է աշխարհի տարբեր մասերում միգրանտների չվերահսկվող հոսքերի ի հայտ գալու հիմնական պատճառը, և դրանք դադարեցնելու համար հարկավոր է խնդիրը հիմնովին լուծել:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը:
«Չվերահսկվող միգրացիոն հոսքն ընդմիշտ դադարեցնելու համար պահանջվում է խնդիրը լուծել հիմնովին: Արևմուտքը պետք է հրաժարվի այլ երկրների գործերին միջամտելու, կոշտ ռազմական ուժի կիրառմամբ իր համոզմունքները փաթաթելու քաղաքականությունից»,-Պատրուշևն ասել է «Փաստեր և փաստարկներ» թերթին տված հարցազրույցում:
Օրինակ, մարդիկ Բելառուսի տարածքով Եվրոպա են փախչում Իրաքից, որտեղ իրադրությունը վատթարացել է ռազմական ներխուժումից և նախագահ Սադամ Հուսեյնի ֆիզիկական վերացումից հետո, նշել է Պատրուշևը:
«Փախչում են Լիբիայից, որտեղ Արևմուտքը ոչնչացրել է պետության ղեկավար Մուամար Քադաֆիին և երկիրը հասցրել քայքայման: Աֆղանստանում 20 տարի արմատավորել են այդ պետության համար օտար կարգեր, իսկ արդյունքում՝ արևմտամետ ռեժիմը տապալվեց մի քանի շաբաթվա ընթացքում: Սիրիայում նույնպես ցանկանում էին այսպես կոչված կարգ հաստատել, փորձում Էին ֆիզիկապես վերացնել Բաշար Ասադին և քիչ էր մնացել, որ գլոբալ ահաբեկչական խալիֆայություն ստեղծվեր»,-հավելել է Պատրուշևը:
Նրա խոսքով՝ քաոս և ավերածություն առաջացնելով Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում, արևմտականներն այժմ զարմանում են, թե ինչու է այդ երկրների բնակչությունը զանգվածաբար տեղափոխվում այլ տարածաշրջաններ:
«Ընդ որում, շփոթելով պատճառը և հետևանքը, Եվրոպայի իշխանությունները ջանքերը կենտրոնացրել են Բելառուսին ագրեսիվորեն քննադատելու վրա, և, միաժամանակ, Ռուսաստանի՝ Մինսկին և Մոսկվային մեղադրելով միգրացիոն ճգնաժամ կազմակերպելու համար: Բելառուսից ստեղծել են արտաքին թշնամու կերպար, որն իբր սպառնում է Եվրոպայի անդորրին: Ելնելով այդ տրամաբանությունից՝ կարելի է ասել, որ քամին փչում է, որովհետեւ ծառերն օրորվում են»,-ասել է Պատրուշևը:
Tert.am