ԼՂՀ ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ բանաձեւից 1 տարի անց․ Ֆրանսիան հիշեցնում է Հայաստանին
2020 թվականի նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատը միաձայն ընդունել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության» մասին որոշումը, մեկ տարի անց Ֆրանսիայի Սենատը Փարիզում կազմակերպել է «Հայաստանը մեկ տարի հետո» ֆորում, որին մասնակցել է նաև Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը։
2020 թվականի նոյեմբերի 25-ի բանաձևով առաջարկվում է «կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և այդ ճանաչումը դարձնել երկարաժամկետ խաղաղություն հաստատելու բանակցությունների գործիք»։
Սենատը կոչ է անում Էմանուել Մակրոնի կառավարությանը միջազգային հետաքննություն անցկացնել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ ռազմական հանցագործությունների, մասնավորապես՝ միջազգային իրավունքով արգելված զենքի կիրառման վերաբերյալ, և անել ամեն ինչ, որպեսզի սկսեն հակամարտության շուրջ բանակցությունները և երկարաժամկետ կարգավորման վերաբերյալ քննարկումները, որոնք կապահովեն 1994 թվականին հաստատված սահմանների վերականգնումը, հայ բնակչության անվտանգությունը, հարկադրված տեղահանվածների վերադարձը, հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը, հնարավորնինս արագ վերսկսվեն Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահերից մեկը Ֆրանսիան է։
1994 թվականի սահմանների հիշատակումը պատահական չէ. ԵԱՀԿ Մինսկի խումբը 1994 թվականի հրադադարի համաձայնագրի հիման վրա ղարաբաղյան կարգավորման ուղիներ փնտրելու մանդատ է ստացել։ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած սկզբունքներն ու տարրերը հիմնված են 1994թ իրողությունների վրա։ Դա վերաբերում է և տարածքային խնդիրների լուծմանը, եւ խաղաղապահների տեղակայմանը, և կարգավիճակին։
Ֆրանսիան Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ հիշեցնում է, որ 2020 թվականին Հայաստանի դեմ ռազմական արշավի արդյունքները չեն ճանաչվել, և դրանք չեն կարող դառնալ բանակցությունների մեկնարկային կետ։ Հայկական կողմն ընդունո՞ւմ է դա։
Lragir.am