Էրդողանի հայտարարությունից հետո թուրքական լիրան սրընթաց գահավիժում է
Երբ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանն իր ելույթում պաշտպանեց բանկային տոկոսադրույքի իջեցումը և հայտարարեց, որ հաղթելու է տնտեսական անկախության պատերազմում, թուրքական լիրան միանգամից արժեզրկվեց 15 տոկոսով։ Այս մասին հաղորդում է Ռոյթերը։
Դոլարի համեմատ լիրան արժեզրկվեց մինչև 13․45 ցուցանիշ։ Այս տարվա ընթացքում թուրքական արժույթը դոլարի նկատմամբ արժեզրկվել է 42%-ով։
Էրդողանը շարունակում է ճնշում բանեցնել Կենտրոնական բանկի վրա, որպեսզի, ըստ իրեն, խթանվի արտահանումը, ներդրումները և աշխատատեղերի ստեղծումը՝ չնայած ինֆլյացիան հասել է 20%-ի, իսկ լիրայի արժեզրկումն արագանում է՝ խժռելով թուրքերի խնայողությունները։
Բազմաթիվ տնտեսագետներ ոչ խելամիտ են որակել տոկոսադրույքի նվազեցումը, իսկ ընդդիմադիր գործիչներն անհապաղ ընտրություններ են ապահանջում։
Lragir.am