COVID-19-ի դեմ բջջային իմունիտետի պատվաստանյութն անցել է կլինիկական փորձարկումների առաջին փուլը
Գերմանացի գիտնականները հայտնել են մարդկանց վրա պեպտիդային պատվաստանյութի կլինիկական փորձարկումների առաջին փուլի հաջող ավարտի մասին, որն ուղղված է COVID-19-ի դեմ երկարատև T-բջջային իմունիտետի ստեղծմանը: Հոդվածը հրապարակվել Է Nature ամսագրում։
Հետազոտությունը իրականացվել է Գերմանիայի Տյուբինգենի համալսարանի կլինիկայում։ Արդյունքները ցույց են տվել, որ բոլոր 36 մասնակիցների մոտ CoVac-1 նոր պատվաստանյութի մեկ դեղաչափն առաջ է բերել T-բջիջների ավելի ուժեղ ռեակցիա, քան այն, որն առաջանում է կորոնավիրուսային վարակի ժամանակ, և այդ ռեակցիան պահպանվել է երեք ամսվա՝ պատվաստումից հետո անցած ամբողջ ժամանակահատվածի ընթացքում:
T-բջջային իմունիտետը թափանցող ախտածինների դեմ օրգանիզմի պաշտպանության առաջին գիծն է։ T-բջիջները գրոհում են վարակված բջիջները, ինչպես նաև տեղեկատվությունը փոխանցում են պաշտպանական հակամարմիններ արտադրող B-բջիջներին։ T-բջջային իմունիտետը հատկապես կարևոր է B-բջիջների պակաս ունեցող մարդկանց, օրինակ, քաղցկեղով հիվանդների կամ իմունային անբավարարություն ունեցող պացիենտների համար։
CoVac-1 պատվաստանյութի նպատակը մեկ ընդունմամբ COVID-19-ի դեմ երկարատև բջջային իմունիտետ առաջացնելն է, որը հիշեցնում է բնական վարակի արդյունքում ձեռք բերված T-բջջային պատասխանը:
Պատվաստանյութը մշակվել է SARS-CoV-2 վիրուսի սպիտակուցների հիման վրա։ Առաջին փուլի կլինիկական փորձարկումների ընթացքում այն ցույց է տվել իր անվտանգությունն ու արդյունավետությունը։ Մեկ դեղաչափից հետո բոլոր մասնակիցների մոտ, որոնց թվում էին 18-ից մինչև 80 տարեկան մարդիկ, նկատվել է կորոնավիրուսի դեմ հատուկ Т-բջջային պատասխան, որը պահպանվել է բոլոր երեք ամիսների ընթացքում, երբ հետազոտությունը շարունակվում էր: Ոչ մի կողմնակի բարդություն չի հայտնաբերվել.
Ըստ ուժի պատվաստանյութի առաջացրած T-բջջային պատասխանը գերազանցել է այն ռեակցիան, որն առաջացնում է բնական վարակը։ Բացի այդ, SARS-CoV-2 վիրուսի ժամանակակից բոլոր չորս՝ ալֆա, բետա, գամմա և դելտա տարբերակների դեմ հատկորոշող պատասխանների համեմատությունը ցույց է տվել, որ պատվաստանյութի առաջացրած T-բջջային պատասխանը կախված չէ կորոնավիրուսի տարբերակից:
Հեղինակները հետազոտության արդյունքները գնահատում են որպես լիովին դրական և հույս ունեն, որ դրանք կհաստատվեն կլինիկական փորձարկումների երկրորդ փուլի ընթացքում, որը կսկսվի մոտ ժամանակներս:
168.am