«Հայաստան» դաշինքն այն ուժն է, որը փորձ ու գիտելիք ունի, և մեկ անգամ Հայաստանում, մեկ անգամ էլ Արցախում ապացուցել է, որ կարող է իրավիճակ փոխել. Ռոբերտ Քոչարյան
Երկրում տնտեսական վիճակը գահավիժում է, ունենք խորը անկում, գործազրկության, աղքատության շեշտակի աճ, և այս ամենից բխում է արտագաղթի տագնապալի աճ, Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
«4 ամսում 80 հազար մարդ, սա բացասական սալդոն է մեր միգրացիայի։ Այսպիսի ցուցանիշ Հայաստանում չի եղել վերջին 25 տարում։ Սա ահազանգ է, որ մենք ինչ-որ բան պետք է անենք, և սա նշանակում է, որ ձեզանից յուրաքանչյուրն ինչ-որ բան պետք է անի հունիսի 20-ին՝ կանգնեցնել այս վիճակը, փոխել այն մարդկանց, քաղաքական թիմը, որը երկիրը հասցրել է այս վիճակին և ընտրել նրանց, ովքեր ի վիճակի են երկիրն այս փոսից հանել», - հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը։
Նա ասաց, որ «Հայաստան» դաշինքն այն ուժն է, որը փորձ ու գիտելիք ունի, և մեկ անգամ Հայաստանում, մեկ անգամ էլ Արցախում ապացուցել է, որ կարող է իրավիճակ փոխել։«Եթե ձեր վստահության քվեն տաք մեզ, ապա վստահ եղեք, որ ամեն ինչ լավ է լինելու և մենք գնալու ենք դեպի ուժեղ Հայաստան», - ասաց Քոչարյանը։
Նյութը՝ Aysor.am