Թուրքիայում սոցցանցերում հակաիշխանական գրառումների համար 271 մարդու դեմ քրգործ է հարուցվել
Թուրքիայի անվտանգության գլխավոր վարչությունը հայտնել է, որ քրեական գործեր են հարուցվել ազգային արժույթի՝ լիրայի անկումից հետո սոցիալական ցանցերում փողոցային բողոքի ակցիայի կոչեր հնչեցնելու դեպքերի առնչությամբ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Նշվում է, որ քրգործեր են հարուցվել սոցիալական ցանցերում գրառումներ արած 271 օգտատերերի դեմ:
Թուրքական լիրայի անկումից հետո Ստամբուլում, Անկարայում և մի շարք այլ քաղաքներում բողոքի ակցիաներ էին իրականացվել: Մասնակիցները պահանջում էին կառավարության հրաժարականն ու իշխանությունից «Արդարություն և զարգացում» կուսակցության հեռացումը:
Թուրքական լիրան նոյեմբերի 23-ին գրանցել է անկման հերթական ռեկորդը. մեկ դոլարի համեմատ լիրան արժեզրկվել է՝ հասնելով 13․5-ի: Վերջին մեկ տարում լիրան արժեզրկվել է մոտ 45 տոկոսով:
Լիրայի կայունացման նպատակով նախորդ շաբաթ Թուրքիայի Կենտրոնական բանկն իջեցրել էր առանցքային տոկոսադրույքներից մեկը: Տոկոսադրույքի իջեցման ակտիվ ջատագովներից է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը տոկոսադրույքներն անվանում է «ազգի դժբախտությունը»: ԿԲ-ն, իր հերթին, փորձում է համոզել իշխանություններին, որ տոկոսադրույքների նվազեցումը լուծում չէ, և այն բացասաբար է ազդելու ֆինանսական ցուցանիշների վրա:
Politik.am