Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ՌԴ-ի հարձակումն Ուկրաինայի վրա «կոպիտ սխալ» կլինի
Ռուսական ներխուժումն Ուկրաինա կդառնա «կոպիտ սխալ»: Լոնդոնը լիովին աջակցում է Ուկրաինային և սերտորեն համագործակցում է ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների հետ այս հարցում։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Էլիզաբեթ Թրասը, գրում է Reuters-ը։
«Կարծում եմ, որ սա կոպիտ սխալ կլինի Ռուսաստանի կողմից: Մենք Ուկրաինայի շատ մտերիմ դաշնակիցներ ենք, և մենք աշխատում ենք ոչ միայն ՆԱՏՕ-ի գործընկերների հետ, այլ նաև ուղղակիորեն Ուկրաինայի հետ՝ համոզվելու համար, որ նրանք ստանան լիարժեք աջակցություն»,- ասել է նա՝ պատասխանելով Ուկրաինայի դեմ ռուսական հնարավոր նոր ագրեսիայի մասին հարցին:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) ղեկավար Կիրիլ Բուդանովն օրերս հայտարարել էր, որ Ռուսաստանն Ուկրաինայի հետ սահմանների մոտ ավելի քան 92 000 զինվոր է կենտրոնացրել։ Ըստ նրա՝ Կրեմլը պատրաստվում է հարձակման հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին։
Tert.am