ԱՄՆ-ն մտադիր է բոլոր օտարերկրացիներից երկիր մուտք գործելիս պատվաստման մասին տեղեկանք պահանջել. AP
ԱՄՆ իշխանությունները հունվարի 22-ից մտադիր են պատվաստման մասին հավաստագրի տրամադրման պահանջ տարածել այն օտարերկրացիներր վրա, որոնք երկրի ցամաքային սահմանը հատում են ըստ անհրաժեշտության, այլ ոչ թե զբոսաշրջության նպատակով: Նոյեմբերի 24-ին այդ մասին հաղորդել է Associated Press (AP) գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ինչպես պարզաբանում է գործակալությունը, այդ կատեգորիային են դասվում արտասահմանյան պետությունների քաղաքացիները, որոնք հարկադրված են սահմանը հատելու ծառայողական պատճառներով, որոնց թվում են հեռագնա վարորդները, արտասահմանյան պետությունների և դրանց՝ տարբեր արտակարգ պատահարների դեմ պայքարի մարմինների ներկայացուցիչները:
Կեցության վկայագիր ունեցողներին կանոնը չի վերաբերում: Աղբյուրի համաձայն՝ հավաստագիր կպահանջվի նաև ջրային սահմանները հատելիս: Մանրասմասները պաշտոնապես կհրապարակվեն ավելի ուշ: Նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ն սկսել է երկիր ժամանող օտարերկրացիներից պահանջել վկայական կորոնավիրուսի դեմ լրիվ պատվաստում անցնելու մասին: Ընդունվում են սոսկ այն պատրաստուկներով պատվաստման մասին տեղեկանքները, որոնք հավանության են արժանացել ԱՄՆ-ի բժշկական կարգավորիչի կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից:
Tert.am