Մեր զրուցակիցն է Վանաձորի քաղաքապետ, նաև քաղաքապետի թեկնածու առաջադրված Մամիկոն Ասլանյանը

Պարոն Ասլանյան, նախօրեին ասել էիք, որ ահազանգեր եք ստանում անմարդկային հետապնդումների, որոշ պաշտոնյաների կողմից բիրտ ահաբեկումների մասին: Ի՞նչ է կատարվում Վանաձորում, ինչպե՞ս եք գնահատում քարոզարշավի ընթացքը:

Իրավիճակն ընդհանուր առմամբ նորմալ է, փողոցի հետ չի կապված իմ ահազանգը: Խնդիրն այն է, որ մարդկանց այն ստվար զանգվածը, որոնք ինձ հետ շփվում են, իրենց վերաբերմունքը ֆեյսբուքի միջոցով ցույց են տալիս, այդ մարդկանց նկատմամբ շատ բիրտ ճնշումներ ու հետապնդումներ են իրականացվում: Այս պահին անուններ չեմ հնչեցնելու, թեև բոլոր փաստերը կան, այնպես չի, որ ես ուղղակի հայտարարություն եմ անում: Ես երբեք նման բան ինձ թույլ չեմ տա: Այդ ճնշումն իմ նկատմամբ չի, շատ կերազեին, որ ինձ վրա ճնշում բանացնեն, ես չեմ թողնի ինձ ճնշեն, բայց քաղաքացիները, մանավանդ պետական հիմնարկների աշխատողները՝ մանկապարտեզ, դպրոց, բուժհասատություններ, հիմնականում իրենց դեմ է կենտրոնացված այդ մամլիչ մեքենան: Բայց վանաձորցին նման բան թույլ չի տա և այդ մամլիչ մեքենայի բռունցքը կջարդի:

Պարոն Ասլանյան, այսինքն ճնշումը գալիս է պետական մարմիններից: Կարո՞ղ ենք արձանագրել, որ լուրջ մրցակցություն է ծավալվել Վանաձորում:

Ես ոչ մեկի հետ մրցակցության մեջ չեմ, ես որպես գործող քաղաքապետ, որպես այս համայնքը 5 տարի ղեկավարած մարդ, ուղղակի իմ աշխատանքային թիմով, իմ համակիրներով, համախոհներով ցանկանում եմ շարունակել մեր աշխատանքը, մեր քաղաքի համար բարիքներ ստեղծել, մեր քաղաքը դարձնել ավելի հարմարավետ, ավելի մաքուր, ավելի լուսավոր: Ոչ մեկին ոչ խնդրել եմ մրցակցության մեջ մտնել, ոչ էլ առաջարկել եմ իրենց թեկնածությունը դնեն, ոչ էլ պայմանավորվել եմ: Հետևաբար, ես չգիտեմ՝ ով ում է մրցակից համարում, ես ուղղակի անում եմ իմ գործը:

Ձեր քաղաքապետ եղած տարիներին գործող իշխանությունների հետ որևէ կոնֆլիկտ չեք ունեցել:

Ես հիմա էլ որևէ մեկի հետ կոնֆլիկտ չունեմ, ես կոնֆլիկտային մարդ չեմ, բայց ամեն ինչ հաշվի առնելով ես նաև հաճախ չեմ կարողանա լռել, եթե խոսքը վերաբերում է ոչ թե ինձ, այլ այն մարդկանց, որոնք ընդամենը համակրում են, ընդամենը վստահում են, որոնք պատրաստ են նաև վստահության քվե տան, այդ մարդկանց նկատմամբ ես չեմ հանդուրժելու որևէ ճնշում, որովհետև մենք ապրում ենք 21-րդ դարում, ապրում ենք ինֆորմացիայի, արագ տեխնոլոգիաների դարում, երբ որ ինֆորմացիան ծտի թևով վայրկյանների ընթացքում հայտնվում է բոլորի մոտ: Այնպես որ, այս պայմաններում ոչ գաղտնի բան կա, ոչ գաղտնիք է մնում, դրա համար թող ամեն մեկն իր գործով զբաղվի, իրենց ծրագրերը թող ներկայացնեն, եթե ունեն կատարած աշխատանք, թող դրանք ներկայացնեն ու դրանով մրցակցեն: Թե չէ մնացած ոչ մի պարամետրով իրենք չենք կարող ինձ հետ մրցակցել:

Կարծում եք՝ վանաձորցիների համակրանքը ձեր կո՞ղմն է:

Ես ոչ մի բան չեմ կարծում, ես սվանաձորցիների դատին եմ դրել իմ գլխավորած ուժի առաջարկները, որպեսզի նրանք իրենց գնահատականը տան: Ես ոչ մի բան չեմ կարծում, ընտրությունները կլինեն, քվեատուփերը կբացվեն, կերևա՝ ով ում  ինչ է տվել:

Սյունիքում լարվածության հետ կապված դուք որևէ օր քարոզարշավը դադարեցրե՞լ էիք:

Այո, երբ որ սահմանային լարվածություն եղավ, առաջինը ես եմ դադարեցրել, 3 օր չեմ զբաղվել ակտիվ քարոզարշավով, դրանից հետո 1-2 հանդիպում եմ ունեցել քաղաքացիների հետ, հիմա էլ  շարունակում եմ բնականոն հունով:

Դեկտեմբերի 5-ին ընդառաջ քաղաքացիներին ուղղված ի՞նչ առաջարկներով եք հանդես գալիս:

Ես մեր քաղաքացիներին 5 տարվա ընթացքում տվել եմ, աշխատել եմ այն, ինչ կարողացել եմ, նույնիսկ այն, ինչ չենք կարողացել, դա էլ ենք ցանկացել կյանքի կոչել: Որոշ գործեր կիսատ են, պրոցեսի մեջ են, դրանք կհասցնենք իրենց տրամաբանական հանգրվանին: Մեր համաքաղաքացիներին խորհուրդ եմ տալիս ընտրություն անելուց առաջ կշռադատել, սառը բանականությամբ առաջնորդվել, համարել, որ իրենց քաղաքի 5 տարվա ապագան իրենց ձեռքերում է և այդ խնդրին մոտենան այդ տեսանկյունից և այդ լրջության տիրույթում, չտրվեն որևէ սադրանքի, շատ մեծ էմոցիաների, որովհետև այստեղ սերը, հարգանքը և այլ ֆակուլտատիվ բնորոշիչներն այդքան կարևոր չեն, որքան վստահությունը, որքան աշխատելու ցանկությունը, ունակությունը և նաև մեր խոսքի արդյունքի վերածված արժեքը: Որովհետև մենք օդում խոստում տվող չենք, մենք խոստումներն իրականացնողն ենք: Որքան մեզ մոտ ստացվել է խոստումներն իրականացնել, այնդքանով էլ ակնկալում ենք մեր համաքաղաքացիների քվեն:

Lragir.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն