Apple-ը դատի է տվել NSO Group-ին՝ դրա ստեղծած Pegasus լրտեսման ծրագրի տարածումը կասեցնելու նպատակով
Apple ընկերությունը դատական հայց է ներկայացրել իսրայելական NSO Group ընկերության դեմ, որը ստեղծել է iPhone-ի «հաքերային կոտրման» համար Pegasus ծրագրաշարը։ Այս մասին հաղորդվում է ընկերության կայքում:
Ընկերությունը պահանջում է արգելել Pegasus ծրագրային ապահովման տարածումը, որպեսզի կանխի iPhone օգտատերերի անօրինական հսկողությունը։
Հայտարարության մեջ Apple-ը պնդում է, որ ծրագրաշարը ստեղծվել է կառավարության պատվերով և նպատակաուղղված տեղեկատվություն է հավաքել զոհերի գործողությունների մասին։
«NSO Group-ի պես կազմակերպությունները, որոնք հովանավորվում են պետության կողմից, միլիոնավոր դոլարներ են ներդնում բարդ լրտեսական տեխնոլոգիաների զարգացման համար՝ ըստ էության պատասխանատվության չկրելով իրենց գործունեության համար: Այս պրակտիկան պետք է փոխվի»,- ասել է Apple-ի ավագ փոխնախագահ Քրեյգ Ֆեդերիգին:
Դատական հայցերի արդյունքում Apple-ը մտադիր է ոչ միայն արգելել Pegasus-ը, այլև փոխհատուցել իրավական ծախսերն այն կազմակերպությունների համար, որոնք հետազոտություններ են իրականացնում գաղտնիության պաշտպանության ոլորտում։
Apple-ը նաև հայտարարել է, որ նախատեսում է 10 միլիոն դոլար տրամադրել նրանց, ովքեր պաշտպանիչ սարքավորումներ են մշակում և պայքարում են անձնական կյանքի անձեռնամխելիության համար։
Tert.am