Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Ռուսաստանի Դաշնությանը կոչ է արել նվազեցնել լարվածությունը Ուկրաինայի սահմանի մոտ։

Ինչպես հաղորդում է UNIAN-ի թղթակիցը, այս մասին Ստոլտենբերգն ասել է Բրյուսելում՝ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Մենք տեսնում ենք ուժերի մեծ և անսովոր կենտրոնացում (Ուկրաինայի սահմանին՝ Խմբ.)՝ զուգորդված Մոսկվայի ագրեսիվ հռետորաբանությամբ և ապատեղեկատվությամբ: Ուստի մենք Ռուսաստանին կոչ ենք անում բաց լինել, նվազեցնել լարվածությունը և իրականացնել ապաէսկալացիա»,- ասել է Ստոլտենբերգը:

Նա ասել է, որ ՆԱՏՕ-ն զգոն է և շարունակում է քաղաքական և գործնական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային: Ստոլտենբերգն ընդգծել է, որ Ուկրաինային աջակցությունը վտանգ չի ներկայացնում Ռուսաստանի Դաշնության համար։

«Սա օգնում է Ուկրաինային պաշտպանվել ագրեսիայից»,- ընդգծել է գլխավոր քարտուղարը։

Ստոլտենբերգը հայտնել է նաև, որ հաջորդ շաբաթ Ռիգայում տեղի կունենա ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը, որոնք կգնահատեն անվտանգության իրավիճակը և կհանդիպեն Ուկրաինայի և Վրաստանի ԱԳ նախարարների հետ։

«Սա մեր աջակցության ևս մեկ ուժեղ վկայություն է», - հավելել է նա։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն