Ավստրալիայի խորհրդարանում կքննարկվի երկրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը
Ավստրալիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատում առաջին անգամ նոյեմբերի 29-ին քննարկման է դրվելու բանաձև, որն ուղղակիորեն կոչ է անում կառավարությանը ճանաչելու Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի, ասորիների ու հույների ցեղասպանությունները: Այս մասին հայտնում է Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը:
Պատգամավոր Թրենթ Զիմերմանի առաջ քաշած բանաձևը հորդորում է Ավստրալիայի կառավարությանը հավատարիմ մնալ 1948 թվականի Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դատապարտման մասին կոնվենցիային՝ ճանաչելով «Օսմանյան կայսրության կողմից 1915-1923 թվականների ընթացքում հայերի, հույների և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը»:
Եթե ելույթ ունեցողների մեծ մասը կողմ հանդես գա բանաձևին, ապա Ներկայացուցիչների պալատը կոչ կանի կառավարությանը կյանքի կոչել ժողովրդի կամքն ու ճանաչել հայերի, ասորիների ու հույների ցեղասպանությունները:
168.am