Մոսկվան ու Պեկինը մերժում են «հանուն ժողովրդավարության» միջազգային գագաթնաժողովը
Ռուսաստանն ու Չինաստանը մերժում են «հանուն ժողովրդավարության» միջազգային կոնֆերանսի անցկացումը, որը տեղի է ունենալու դեկտեմբերին՝ ԱՄՆ նախաձեռնությամբ։ Այս մասին կարդում ենք ԱՄՆ-ում ռուսական եւ չինական դեսպաններ Անատոլի Անտոնովի եւ Ցին Գանի համատեղ հոդվածում, որը հրապարակվել է National Interest հանդեսում։ Հոդվածում նշվում է, որ նմանատիպ գագաթնաժողովի անցկացումը աշխարհում պառակտում է մտցնելու, եւ ստեղծելու է գաղափարական առճակատում, բերելով նոր բաժանարար գծերի։
«Դեմոկրատիան որոշակի պետության կամ պետությունների խմբի մենաշնորհ առաջնահերթությունը չէ, այլ բոլոր ժողովուրդների ունիվերսալ իրավունքը։ Այն կարող է իրացվել մի քանի եղանակներով եւ ոչ մի մոդել չի կարող համապատասխանել բոլոր երկրների համար։ Ուստիեւ դեմոկրատիայի հիմնական չափանիշը ժողովուրդն է, եւ միայն նա ունի իրավունք կառավարել իր երկիրը»,- ասված է հոդվածում։ Չինաստանում հաստատվել է ընդարձակ, ամբողջական սոցիալիստական դեմոկրատիա։
Այն, ըստ հոդվածի, արտացոլում է ժողովրդի կամքը եւ համապատասխանում է երկրի իրողություններին, եւ ունի բնակչության հզոր աջակցությունը։ Ժամանակով ապացուցվել է, որ դեմոկրատական պրոցեսները Չինաստանում զարգանում են ու գործում։ Ռուսաստանն էլ դեմոկրատական, դաշնային, իրավական պետություն է հանրապետական կառավարման համակարգով եւ դեմոկրատիան հանդիսանում է վերջինիս քաղաքական համակարգի հիմնարար սկզբունքը։ Ռուսաստանի քաղաքական համակարգը զարգանում է եւ կարիք ունի կայուն ու հանգիստ իրավիճակի, որը երաշխավորում է նրա ժողովրդի իրավունքները եւ շահերը։
Դեսպաններ Անտոնովն ու Գանը կարծում են, որ դեմոկրատիան ոչ միայն ներքին կառավարում է, այլ նաեւ պետք է արտացոլվի միջազգային հարաբերություններում։ «Միջամտությունը այլ երկրների ներքին գործերին՝ կոռուպցիայի դեմ պայքարի, դեմոկրատական արժեքների առաջ մղման կամ մարդու իրավունքների պաշտպանության անվան ներքո, խոչընդոտում է դրանց զարգացմանը, իսկ սանկցիաները հանդիսանում են ոտնձգություն նրանց ինքնիշխանությանը, միասնականությանը, տարածքային ամբողջականությանը եւ հակասում են ՄԱԿ Կանոնադրությանը եւ մյուս հիմնարար միջազգային իրավունքի նորմերին, եւ ակնհայտորեն հակադեմոկրատական են»։ Հոդվածում նշվում է, որ աշխարհում գոյություն ունի միայն մեկ միջազգային համակարգ, որի հիմքում ՄԱԿ-ն է ընկած։
Գոյություն ունի միայն մեկ միջազգային աշխարհակարգ, այսինքն, այն, որը հիմնվում է միջազգային իրավունքի վրա։ Դեսպանները կարծում են, որ «չկա ոչ մի անհրաժեշտություն անհանգստանալու Չինաստանի եւ Ռուսաստանի դեմոկրատիայի համար, իսկ որոշ արտասահմանյան կառավարություններ ավելի լավ է մտածեն իրենց մասին, թե ինչ է տեղի ունենում իրենց մոտ՝ տանը»։
Ռուսաստանն ու Չինաստանը կոչ են անում բոլոր երկրներին դադարեցնել օգտագործել արժեքների վրա հիմնված դիվանագիտությունը՝ տարակարծություններ եւ առճակատում սերմանելու համար, կիրառել փոխադարձ հարգանքի եւ համագործակցության սկզբունքը միջազգային հարաբերություններում եւ աշխատել պետությունների միջեւ խաղաղ ու ներդաշնակ համակեցության վրա, որոնք ունեն տարբեր սոցիալական, գաղափարական համակարգեր, պատմություն, մշակույթ եւ զարգացման համակարգ։
Hraparak.am