Թբիլիսիի քաղաքային դատարանում սկսվել է առաջին գործընթացը՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի մասնակցությամբ։

Այս անգամ քննվում է 2007 թվականի նոյեմբերին ընդդիմության ակցիան ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերություն ներխուժելու ու ավերելու եւ նրա սեփականատեր՝ հանգուցյալ գործարար Բադրի Պատարկացիշվիլիի ունեցվածքը խլելու գործը:

Սահակաշվիլին մեղադրվում է ծառայողական լիազորությունները չարաշահելու մեջ: Նրան սպառնում է հինգից մինչեւ ութ տարի բանտարկություն: Սահակաշվիլիի փաստաբաններից մեկը՝ Բեկա Բասիլիան, հանդես է եկել լրագրողներին դատական գործընթացը ուղիղ եթերով հեռարձակելու հնարավորություն տալու միջնորդությամբ:

Նա դատարանին հորդորել է հաշվի առնել այն, որ նման նախադեպ եղել է «Միասնական ազգային շարժման» առաջնորդ Նիկա Մելիայի գործը քննելու ժամանակ: Այս դատական նիստի ոչ մեծ մասն ուղիղ եթերով հեռարձակել է Սահակաշվիլիի երկրորդ փաստաբանը՝ Շոթա Տուտբերիձեն:

Փաստաբանն անջատել է տեսագրությունն այն բանից հետո, երբ դատավորը նախազգուշացրել է, թե հակառակ դեպքում ստիպված կլինի դուրս գալ դատարանի դահլիճից: Զուգահեռ դատարանի շենքի մոտ անցկացվում է Սահակաշվիլիի զինակիցների եւ կողմնակիցների ակցիան: Գործընթացի սկսվելուց առաջ տեղի ունեցած ակցիայի ժամանակ բախում է տեղի ունեցել ցուցարարների եւ ոստիկանության միջեւ:

Նախկին նախագահն արդեն վեց տարվա բանտարկության է դատապարտվել երկուական քրեական գործերով, որոնք վերաբերում են բանկի պաշտոնյա Սանդրո Գիրգվլիանիի սպանության համար դատապարտյալներին ներում շնորհելուն եւ պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծելուն: Սահակաշվիլին դեմ եւս երկու գործ գտնվում է  հետաքննության փուլում՝ պետական միջոցները վատնելու եւ անօրինականորեն սահմանը հատելու վերաբերյալ:

Սահակաշվիլին Վրաստան է վերադարձել 2013 թվականից ի վեր առաջին անգամ:

Հետաքննության տվյալներով՝ սեպտեմբերի 29-ին նա անօրինականորեն հատել է սահմանը եւ հոկտեմբերի 1-ին՝ տեղական ինքնակառավարման մարմնների ընտրություններից մեկ օր առաջ, ձերբակալվել է: Այդ նույն օրը նա հացադուլ է հայտարարել, որը դադարեցրել է միայն 50 օր անց այն բանից հետո, երբ նրան բանտարկյալների հիվանդանոցից տեղափոխել են Գորիի հոսպիտալ, հաղորդել է Sputnik-ը:

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն