Moderna-ի տնօրենը նախազգուշացրել է առկա պատվաստանյութերի՝ «օմիկրոն» հիմնամանրէի դեմ պայքարում քիչ արդյունավետության մասին
Ամերիկյան Moderna դեղագործական ընկերության գլխավոր տնօրեն Ստեֆան Բանսելը նախազգուշացրել է, որ հակակորոնավիրուսային պատվաստանյութերը, հավանաբար, նույնքան արդյունավետ չեն լինի նոր ի հայտ եկած «օմիկրոն» հիմնամանրէի դեմ պայքարում, որքան «դելտայի» պարագայում էր:
Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը, մասնագետի կարծիքով՝ դա կարող է հանգեցնել հիվանդացության մակարդակի և հոսպիտալացումների քանակի ավելացման, ինչն էլ կբերի համավարակի երկարաձգման: Բանսելի խոսքով՝ ամիսներ անհրաժեշտ կլինեն, մինչև ընկերությունները նոր պատվաստանյութ մշակեն:
Հիշեցնենք, որ «օմիկրոն» հիմնամանրէի տարածման մասին հայտնի է դարձել օրեր առաջ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշում է, որ դեռ վաղ է պնդել, որ դա ամենավտանգավոր տեսակն է: Այն առաջին անգամ ի հայտ է եկել Աֆրիկայի հարավային շրջանների մի շարք երկրներում, որտեղից տարածվել է որոշ եվրոպական երկրներում: Վարակման դեպքեր են հայտնաբերվել նաև Իսրայելում և Ճապոնիայում:
Tert.am