2022-ի մարտահրավերներն են՝ առաջինը՝ անվտանգության խնդիրը, երկրորդը՝ անվտանգության խնդիրը և երրորդը՝ անվտանգության խնդիրը․ Թևան Պողոսյան
2022 թվականի առաջին երեք մարտահրավերներն են՝ առաջին՝ անվտանգության խնդիրը, երկրորդը՝ անվտանգության խնդիրը, և երրորդը՝ անվտանգության խնդիրը։ Այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով 2022 թվականի անելիքներին։
«Առաջինի հետ գալիս է նաև Արցախյան հիմնահարցը, հայապահպանության հարցը և ամենակարևոր՝ ազգային միասնականությունը։ Գործող իշխանությունները որևէ քայլ չեն անում ազգային միասնականության ապահովման համար, դրա համար ինձ չի թվում՝ որևէ տեսակի ճգնաժամ հաղթահարվելու է այս տեսակի քաղաքականությամբ։ Իսկ փոփոխության համար միակ քայլը, որը կմաղթեմ, գիտակցաբար հանուն Հայաստանի, հանուն գալիք սերունդների հնարավորությունների՝ ինքնակամ հրաժարումն է իշխանությունից և հեռանալն է՝ թույլ չտալով նոր պառակտումներ»,–ասաց նա։
Թևան Պողոսյանը նշեց, որ դրա նախադրյալները կձևավորվեն, երբ պարտված իշխանությունը գա գիտակցության, որ պետք է հեռանա, որ ստացվի նոր իրավիճակ, նոր հնարավորություն։ Ընդգծելով, որ հասարակության յուրաքանչյուր անհատ անելիք ունի՝ նա օրինակ բերեց այն, որ մինչև հունիսի 20-ը տեղի են ունեցել մի քանի սոցիալական հարցումներ, ըստ որոնց՝ հասարակության առնվազն 60 տոկոսը պահանջում է նոր դեմքեր, այնինչ ընտրություններին 26 քաղաքական միավոր է մասնակցել, որից առնվազն 6 ուժ նոր է եղել, և ընտրությունների արդյունքներից հարց է առաջանում՝ արդյո՞ք իրոք ցանկություն կա նոր դեմքեր տեսնելու։
Ինչ վերաբերում է 2021 թվականի կարևորագույն պաշտոնների կադրային փոփոխություններին, Թևան Պողոսյանն ասաց, որ մենք տեսել ենք մի քաղաքական ուժի տարբեր մարդկանց տեղափոխություններ, իսկ գումարելիների տեղը փոխելիս գումարը չի փոխվում։ «Խնդիրն այն չէ, որ մեկը չորս ամիս մեկ պաշտոնում աշխատի, այնուհետև մեկ այլ պաշտոնի տեղափոխվի, հարցն այն է, որ այնպիսի մարդիկ պետք է պաշտոնի գան, որ ի սկզբանե աճել են, որ հասնեն այդ կառավարման ունակությունների աստիճանին»,–ասաց նա և նշեց, որ թեև լավ է երիտասարդ լինելը, սակայն փորձը և գիտելիքները, վարքագիծը շատ կարևոր են։
«Պետական ծառայողի ոգին պետք է նման լինի ինչ–որ չափով մի դույլի, որը ունակ է լինելու առողջ և ոչ առողջ քննադատություններ լսել, տարբեր ձայների միջից ունակ է լինելու լսելու այն ճիշտ ձայնը, որը կօգնի պետությանը։ Ցավոք դա չունենք, քննադատությունը չի ընկալվում»,–ասաց նա։
Գնահատելով Ազգային ժողովի նախորդ գումարման նստաշրջանի աշխատանքները՝ Թևան Պողոսյանն ասաց, որ այնտեղ չի տեսել բովանդակություն։ «Ամենակարևոր բովանդակությունը այսօր պետք է լիներ մեր գլխավոր մարտահրավերները, իսկ դրանք են Արցախի հիմնահարցը, մեր արտաքին և ներքին միասնական ազգային միասնականության ապահովումը, այդպիսի ինչքան էլ նախաձեռնություններ փոքր խմբերից եղան՝ ոչ մի տեղ չհասավ։ Շոուների մասը՝ ծեծկռտուք և այլն, ոչ միայն Հայաստանի պառլամենտին են յուրահատուկ, այլ աշխարհում բոլոր պառլամենտներին, բայց ամենակարևոր խնդիրը այն հարցն է, թե ինչի է հասել Ազգային ժողովը»։
Թևան Պողոսյանն ասաց, որ չունենք լուծված տնտեսական ճգնաժամ, չունենք լուծված սոցիալական ճգնաժամ, լուծված չեն քաղաքական, բարոյահոգեբանական, անվտանգության ճգնաժամերը, և եթե այս քաղաքականությունը շարունակվի, ամեն ինչ ավելի է խորանալու։
Tert.am