Փոխնակ մոր ծառայությունից օգտվելու համար զոհված զինծառայողների ծնողներին 5․5 մլն դրամի աջակցություն կտրվի
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելիս կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելիս զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջության աջակցման միջոցառումը հաստատելու մասին» որոշումը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ասաց․ «Այս նախագծով մենք հնարավորություն կտանք, որպեսզի զոհված կամ մահացած զինծառայողների ծնողների վերարտադրողական բուժօգնության ծառայությունները դառնան ավելի նպաստավոր և շահավետ։ Գործող կարգավորումներով արդեն իսկ զոհված և մահացած զինծառայողների ծնողներին տրամադրվում են որոշակի սահմանափակ հնարավորություններ՝ օգտվելու անվճար կամ արտոնյալ վերարտադրողական բուժօգնության ծառայություններից։ Սակայն դրանք ամբողջապես չեն ծածկում ծախսերը, օրինակ՝ չեն ծածկում փոխնակ մոր, դոնորոական ծառայությունների ծախսերը։
Այս նախագծի անհրաժեշտությունը նաև բխում է այն հանգամանքից, որ վերջին վերլուծությունները ցույց են տալիս, որ այս պահին բազմաթիվ ծնողներ որոշում են կայացրել նոր զավակներ ունենալ։ Բայց քանի որ այդ ծառայությունները բավական թանկ են, նրանք չեն կարողանում իրականացնել իրենց այդ որոշումը։ Ուստի, այս նախագծի ընդունման պարագային նշված ծառայությունների համար վերին շեմի կիրարկմամբ՝ ծախսերն ամբողջությամբ իրականացվի պետության կողմից»։
Մասնավորապես՝ փոխնակ մոր ծառայություններից օգտվելու համար պայմանագրով նախատեսված վճարի 100 տոկոսի չափով աջակցություն կտրամադրի կառավարությունը, բայց ոչ ավելի, քան 5,5 մլն դրամը։ Եվ դոնորական ծառայության համար պայմանագրով նախատեսված կվճարի 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 600 հազար դրամը։
Lragir.am