Այս իշխանությունները մամուլը դիտարկում են որպես հիմնական խոչընդոտ․ խոչընդոտ՝ ավտորիտարիզմի ճանապարհին
Մենք ցավոք ականատես ենք լինում, որ ժողովրդավարական կարգախոսներով, փողոցներից, հրապարակներից կառավարական աշխատասենյակներ տեղափոխված իշխանությունները ամեն ինչ անում են մամուլի դեմ՝ ժողովրդավարության արժեքները ոտնահարելով։ Այդպես են անում, որովհետև այս իշխանությունները ավտորիտար իշխանություն հաստատելու ճանապարհին մամուլը դիտարկում են որպես ամենամեծ խոչընդոտը։ Այս մասին քիչ առաջ «Մամուլը մամլիչի տակ. զսպաշապիկ խոսքի ազատությանը» թեմայով մեկնարկած քննարկման ժամանակ իր ելույթում ասաց Ժուռնալիստների միության նախագահ, «168 ժամ» -ի խմբագիր Սաթիկ Սեյրանյանը։
«Այդպես են անում, քանի որ մամուլը իրականում ունի վերահսկողի դերակատարում ու փոխզսպումների մեխանիզմ է գործադրում։ Հայաստանում այսօր մի իշխանություն է, որը ամենևին չի ցանկանում, որպեսզի որևէ կերպ իր գործողությունները վերահսկվեն։ Նախկին իշխանությունների ժամանակ, երբ մամուլի մասով կառավարության նիստերին սահմանափակումներ եղան, մենք՝ լրատվամիջոցների ներկայացուցիչներս, մեր բողոքի ձայնը բարձրացրինք, բայց այսօր ցավալիորեն կարծես նաև ինչ-որ տեղ հաշտվել ենք այն ամենի հետ, ինչ տեղի է ունենում մամուլի ու ազատ խոսքի նկատմամբ։ Այսօր կառավարության նիստերին ներկայացվող հարցերի մոտ 90 տոկոսից ավելին փակ ռեժիմով է տեղի ունենում ու հասարակությունը պարզապես տեղյակ չի լինում ՝ ինչ է քննարկվում։ Մամուլը պետք է տեղյակ լինի, որպեսզի դա փոխանցի հասարակությանը, բայց, ինչպես ասացի, լրատվամիջոցների աշխատանքը շատ ավելի ծանր է այս պահին»,- ասաց Սեյրանյանը։
Hraparak.am