Վերջերս Արցախում լուրեր են պտտվում այն մասին, որ ԱՀ նախագահ Ա. Հարությունյանը, հասարակությանը կամ ժողովրդի ներկայացուցիչներին իշխանության մեջ ներգրավելու պատրվակով փորձում է պաշտոնից ազատել դեռևս երկու տարի առաջ իր իսկ կողմից նշանակված ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար տիկին Լ. Ղարախանյանին, ըստ հասարակության գնահատականի՝ մի ազնվագույն անձնավորության  և նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակել Ստեփանակերտ քաղաքի դպրոցներից մեկում աշխատող մանկավարժի, ով երբևէ պետական կառավարման ոլորտում չի  էլ աշխատել, բնականաբար չունի նաև համապատասխան փորձ, բայց իշխանավորի թեթև ձեռքով արդեն հավակնում է մասնագիտական    մի  շարք ուղղություններ պարունակող նախարարությունում նախարարի պաշտոնի: Ի՞նչ է ստացվում:

Նախագահը փաստորեն, ժողովրդավարության ու արդարության անվան տակ, փորձում է աշխատանքից ազատել մասնագիտական-դասախոսական մեծ փորձ ունեցող և  տվյալ բնագավառում Արցախում գիտական կոչման արժանացած միակ մասնագետին, խիստ արդարամիտ ու հայրենասեր տիկնոջը և նրա փոխարեն նշանակել հասարակության կողմից դեռևս ճանաչում չգտած, կարելի է ասել՝ անհայտ մեկ այլ տիկնոջ, ով երբևէ աչքի չի ընկել  մի  որևէ բնագավառում:

Ըստ ստույգ լուրերի, պարզվում է, որ նման մոտեցումն  ունի զուտ քաղաքական դիմագիծ, առաջիկա գործընթացներում դիրքեր ամրապնդելու նպատակ, որը մեղմ ասած հարիր չէ մանավանդ Արցախի ներկայիս պարագայում, երբ Հայրենիքը դեռևս վտանգի տակ  է, անորոշ վիճակում, երբ անհրաժեշտ են ազգային-հայրենասիրական ուժերի համերաշխություն ու համախմբում, իսկ ադ ամենի փոխարեն, այստեղ՝ օգտվելով ստեղծված վիճակից, փորձ է արվում  անձնական-շահադիտական հարցեր լուծել՝ դրանք վեր դասելով համազգային-համաարցախյան շահերից: Հարկ ենք համարում նաև շեշտել, որ վերջին   շուրջ 20 տարիների ընթացքում նշված  ասպարեզում 11 նախարար է փոխվել: Կիսել, բաժանել, կրկին կիսել- անջատել այս կամ այն բնագավառը նախարարությունում, նորից միացնել միմյանց….և այդպես շարունակ: Եվ այդ ամենը դարձյալ նույն կարծրացած տրաֆարետային մտածողությամբ ու պատճառներով:

Այն է՝ նախարարությունն իր մեծաքանակ աշխատողներով օգտագործել կամ ծառայեցնել վերը նշված նպատակներին՝ իրենց մարդկանց նախարար նշանակելով, ընտրություններում ձայներ ապահովել: Իսկ թե այդ ասպարեզը տուժում է, չի տուժում  կամ ծրագրերը կիսատ են մնում  կամ ավարտին չեն հասցվում,  դա բացարձակապես այդ մարդկանց չի էլ հետաքրքրում:  Կարևորը իշխանության բազկաթոռին նստելն է:

Նախարար են նշանակում, մի երկու տարի հետո (որոշներին ավելի երկար, ովքեր §լավ էին ծառայում¦ շեֆին) կանչում, որ դու արդեն ազատված ես: Բերում են հաջորդ թեկնածուին և  աշխատողների մասնակցությամբ նախկինին մի լավ ճոխ-ճոխ գովաբանում, որ իրենք ուղղակի հիացած են նրա աշխատանքից և նոր նախարար նշանակում: Հարց է ծագում՝ ե՞րբ պիտի ավարտվի այս խեղկատակությունը: Մանավանդ այսօր, երբ մեզ նոր մարտահրավերներ են սպասում: Ի՞նչ պետք է արվի նման իրավիճակում: Կարծում ենք, որ ամեն մարդ  պիտի ունենա իր դիրքորոշումն ու արժանապատվությունը՝  կանխելու համար նման վարչահրամայական ու բյուրոկրատիկ աշխատաոճը:

Դա վերաբերում է նաև տողերիս հեղինակին, ով տարիներ շարունակ պայքարել է անարդարությունների դեմ: Առայսօր, նկատի ունենալով  հատկապես ներկայիս իրավիճակը, մենք երբևէ իշխանավորներին չենք քննադատել կամ որոշ մարդկանց ջրաղացին ջուր չենք լցրել, ընդհակառակը, հանդիմանել ենք նրանց, որ չի կարելի Արցախի ու նրա իշխանությունների նկատմամբ բացասական իմիջ ստեղծել մանավանդ, կրկնում ենք, ներկայիս պայմաններում: Իսկ եթե  կամայականությունները շարունակվեն, հրապարակավ հայտարարում եմ՝ պասիվ դիրքից անցում կկատարենք և ներ կգրավվենք քաղաքական ակտիվ գործունեության մեջ: Դա կլինի ոչ միայն գրվածքներով կամ ստույգ իրազեկված փաստարկումներով, այլև հարկ եղած դեպքում՝  հրապարակային ելույթներով: Առայժմ այսքանը:

Սլավա Սարգսյան

Արցախի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, շուրջ չորս տասնյակ գրքերի, այլ աշխատությունների հեղինակ, փաստավավերագրության միջազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն